Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են ընդունվել Արցախի ԱԺ-ում

Քաղաքականություն
unnamed-25-1

Հունիսի 28-ին Ազգային ժողովը գումարել է 6-րդ գումարման 5-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայ ժողովրդին շնորհավորել է Մարտակերտի ազատագրման օրվա կապակցությամբ և ԱԺ նիստի մասնակիցների անունից մաղթել կամք, տոկունություն և բարեկեցություն: Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է. «Արցախի Հանրապետության դատական օրենսգիրք», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները, որոնց ընդունումը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի խոսքով, պայմանավորված է 2017թ.-ի փետրվարի 20-ին ընդունված Սահմանադրության 167-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, ըստ որի, դատական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը և ուժի  մեջ է մտնում մինչև  Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան  ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր  պաշտոնի ստանձման օրը: «Հաշվեքննիչ պալատի մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային  ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  «Աուդիտորական գործունեության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման  մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություն կատարելու մասին»,  «Տեղական ինքնակառավարման  մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում   փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Կուսակցությունների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները, որոնց ընդունումը ևս պայմանավորված է Արցախի Հանրապետության Սահմանադրության  10-րդ գլխի պահանջով: Խորհրդարանը քննարկել և հավանության է արժանացրել նաև. «Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը: Օրենքի ընդունումը նախատեսում է  անձի աշխատանքային ստաժում 1922թ.-ի սեպտեմբերի 1-ից մինչև 1994 թ.-ի մայիսի 1-ը ԼՂՀ զինված ուժերում զինծառայության, ինչպես նաև 1988թ. հունվարի 1-ից մինչև 1990թ. դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի  հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակահատվածները հաշվառել մեկուկեսի չափով: Օրենքի ընդունմամբ ԽՍՀՄ և ԼՂՀ ուժային մարմիններում զինվորական ծառայության ժամանակահատվածները անձի աշխատանքային ստաժում հաշվառվում են՝ անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից: «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որով կարգավորվում է զորահավաքի կազմակերպման և իրականացման գործընթացը, հստակեցվում է  ներգրավվող և շահագրգիռ նախարարությունների, ԼՂՀ Կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացվելիք գործընթացները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը խորհրդարանին է ներկայացրել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքի  և «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշման նախագծերը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկներին և տվել պարզաբանումներ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ԱՀ օրենքը, իսկ այնուհետև՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգ»  Ազգային ժողովի որոշումը: Մտքերի փոխանակությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությամբ հանդես է եկել  ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հաշվետվության վերաբերյալ համապատասխան եզրակացություններն են ներկայացրել վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը, ԱԺ ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը և պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը: Հաշվետվության վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել նաև խմբակցությունների ղեկավարները: 22 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ  պատգամավորներն ԱԺ որոշումամբ ընդունել են  ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման  մասին հաշվետվությունը: Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է Կառավարության մասնակցությամբ: Գործադիր իշխանության անդամները վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ պատասխանել են ՏԻՄ ընտրությունների, բնակարանաշինության, արտաքին քաղաքականության, առողջապահության, հակակարկտային համակարգի արդյունավետության, արտեզյան հորերի տեղադիրքի, բնագիտական մասնագիտությունների գծով կադրերի պատրաստման, ճանապարհաշինության և այլ թեմաների վերաբերյալ   պատգամավորների առաջադրած հարցերին: Շարունակելով նիստը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվություն է ներկայացրել ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նրա փոխանցմամբ 2017թ-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմել է 43,3 մլրդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,1%-ով: Նիստի ընթացքում քննարկվել է «Վերածնունդ» խմբակցության  ղեկավար Հայկ Խանումյանի Կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում է դեպի գյուղեր տանող ճանապարհների պահպանմանը, բարեկարգմանը և սպասարկմանը: Պատգամավորը Ազգային ժողովի քվեարկությանն է ներկայացրել ԱԺ որոշման նախագիծ, որով նախատեսվում է եռապատկել պետական բյուջեից ոլորտին հատկացվող գումարը: ԱԺ մյուս խմբակցությունների ներկայացուցիչներն առաջարկել են հարցը լրացուցիչ քննարկել այլ ձևաչափով՝ շահագրգիռ մարմինների հետ  համաձայնեցնելով բյուջետային  հնարավորությունները: Արդյունքում՝ հարցապնդման հեղինակը չի համաձայնել առաջարկության հետ և ԱԺ-ն մերժել է ներկայացված որոշումը:   Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Գագիկ Բաղունցը և Հայկ Խանումյանը: «Աժ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նստաշրջանի ավարտին խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 2016-2017թթ. գործունեության մասին տարեկան հաղորդումը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ