Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թավշյա հեղափոխությունն ինձ որեւէ բան չի ասում» (տեսանյութ)

Քաղաքականություն
19578057_10209683530788010_1116221719_n

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հումորով է վերաբերում թավշյա հեղափոխության կոչ անող «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերին. «Շատ հետաքրքիր էր լսել մեր ընդդիմադիր գործիչներին: Եթե խոսքը վերաբերում է հեղափոխությանը, դրա արձագանքը կլինի շատ կոշտ, իսկ ընդդիմադիրների խոսքը եթե պարունակում է առողջ քննադատություն եւ, եթե կա միտք՝ դա ողջունելի է, շատ լավ է, նաեւ իշխանությանը ստիպում է ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները տեսնել»: Ի՞նչ նկատի ունի Դավիթ Հարությունյանը՝ կոշտ արձագանք ասելով՝ արյունահեղությո՞ւն. «Ցանկացած հեղափոխություն, եթե խոսքը վերաբերում է բռնի ուժով հեղափոխությանը, ենթադրում է նաեւ համապատասխան ազդելու միջոցներ: Թավշյա հեղափոխությունը ինձ որեւէ բան չի ասում»: «Սասնա ծռեր»-ի կողմից հեղափոխության փորձը ծանր հետեւանք ունեցավ նաեւ լրագրողների համար. ոստիկանների կողմից լուսաձայնային նռնակների պայթյուններից եղան վիրավորներ: «Հուլիսյան իրադարձությունների ժամանակ կարծում եմ խիստ գնահատականներ կան իմ արտահերթ զեկույցում, ինչի հիման վրա նաեւ առաջարկներ են ներկայացվել քրեական հետապնդման մարմիններին: Այդտեղ հետեւություններն այնպիսին են, որ լրագրողների աշխատանքին խոչընդոտելը նպատակ է նաեւ հետապնդել պատժելու նրանց, որովհետեւ բռնությունները նաեւ շարունակվել էին այն ժամանակ, երբ լրագրողները դադարեցրած են եղել անգամ իրենց աշխատանքը»,- ասում է ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը:  2016թ. պետական բյուջեի՝ օմբուդսմենի ծախսերի եւ ծրագրերի իրականացման կատարողականի քննարկմանը Արման Թաթոյանը նշել էր, որ ստացված բողոքների զգալի մասը՝ 631 բողոք եղել է միայն ոստիկանների դեմ. «Այն, որ բողոքները շատ են, դա ինքնին ավտոմատ չի նշանակում, որ այդ մարմինն է ամենաշատը խախտում: Բայց այն, որ բողոքները շատ են, այո, վկայում է այն մասին, որ այդտեղ ռիսկը շատ ավելին է, որ այդտեղ կխախտվեն մարդու իրավունքները»:   Մի քանի օրից օմբուդսմենը կհրապարկի իր ղեկավարած կառույցի տարեկան զեկույցը, որտեղ խոստացավ առավել մանրամասն ներկայացնել ոստիկանության գործողությունների ռիսկերը: Արման Թաթոյանը վերջում նաեւ ավելացրեց՝ իր աշխատանքի ամենակարեւոր ուղղություններից է բոլոր հնարավոր եղանակներով պաշտպանել լրագրողներին: