Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է Ոստիկանապետին

Պաշտոնական
Ara-Zohrabyan-nkar

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԻՋԱԴԵՊՈՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ՝ պարոն Վլադիմիր Գասպարյանին           Հարգելի պարոն Գասպարյան, Հայկական ժամանակի 28.06.2017թ. http://armtimes.com/hy/video/2066 հղումով տեղադրված տեսանյութի համաձայն Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարակից տարածքում փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Արա Զաքարյանի նկատմամբ ոստիկանները ցուցաբերել են  բռնի գործողություններ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, …: ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: 2012թ. փետրվարի 8-ին ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ ոստիկանության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի» 1.1.3 կետի համաձայն' կողմերը համաձայնվել են համագործակցել վարքագծի կանոնների պահպանման ապահովման կապակցությամբ' ոստիկանության կամ փաստաբանների կողմից վարքագծի կանոնների խախտումների հայտնաբերումը, փոխադարձ իրազեկումը և պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումն ապահովելու նպատակով: Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք Ձեր հանձնարարականը համապատասխան ստորաբաժանմանը՝ նշված միջադեպն ուսումնասիրելու և մեղավոր ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու կապակցությամբ: Հարգանքով՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան