Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ» ՉԵՆ ՕԳՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հասարակություն

2002թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 4-ը Յոհաննեսբուրգում կկայանա Կայուն Զարգացման Համաշխարհային գագաթաժողովը, որտեղ կզեկուցեն նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

10 տարի առաջ մեր երկիրը պարտավորվել է իրականացնել մի շարք բնապահպանական միջոցառումներ ՝ Ռիո-դե - Ժանեյրում վավերացնելով Մոլորակի գագաթաժողովի կողմից ընդունված կոնվենցիաները:
Առ այսօր Հայաստանում կառավարական մակարդակով չի ստեղծվել Կայուն զարգացման ազգային խորհուրդ եւ մշակված չէ այս ոլորտի ազգային ռազմավարությունը, մտահոգված են բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնը այսօր հասարակական լսումներ էր կազմակերպել «Ազգային գնահատման զեկույց Ռիո+10» խորագրով: Այս զեկույցը պատրաստ է նախորդ տարվա հունիսից, սակայն առ այսօր մեր պաշտոնյաններն այն քննարկելու ժամանակ չեն գտել: Փորձագետները ազգային հրատապ խնդիր են համարում Սեւանա լճի, կենսաբանական բազմազանության եւ անտառների պահպանության հիմնահարցերը, նաեւ պայքարը անապատացման դեմ: Այս խնդիրներ լուծելուց առաջ անհրաժեշտ է «աղքատության դեմն առնել»:

Ի դեպ, Մոլորակի գագաթաժողովից հետո Հայաստանում բնապահպանական ոլորտը կարգավորող 4 օրենք եւ 200-ից ավելի ենթաօրենսդրական ակտեր է ընդունել, որոնք, ըստ փորձագետների,«լավն են, բայց թղթի վրա»: «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը կարծում է, որ Հայաստանում օրենքներն ընդունվում են, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում: «Օրենքները հաստատվում են վերեւների խոհանոցներում , հետո ներկայացվում են հասարակությանը իբրեւ քննարկման համար»,- նշեց Կարինե Դանիելյանը: