Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բռնցքամարտի ժամանակացույցը դիլետանտներ են կազմել». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)

Սպորտ
box

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կարծում է, որ բռնցքամարտի մրցումների ժամանակացույցը դիլետանտներ են կազմել: «Եվրոպայի առաջնությունը վերջերս է ավարտվել, իսկ մեկուկես ամիս հետո կայանալու է աշխարհի առաջնությունը: Սովորաբար խոշոր մրցումներից հետո երկարատեւ ընդմիջում են հայտարարում, քանի որ միայն ուժերը վերականգնելու համար բռնցքամարտիկներից պահանջվում է մոտ մեկ ամիս: Ավաղ, մենք ստիպված ենք մի քանի օրից վերսկսելու մարզումները, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի մեր մարզիկների համար», - այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց փորձառու մասնագետը: Նշենք, որ աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ունեն մեր երկու բռնցքամարտիկները՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը եւ Կարեն Տոնականյանը: «Այժմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի հետ բանակցություններ ենք վարում եվրոպական ֆեդերացիայի հետ, որպեսզի Նակեր Մանասյանին նույնպես թույլ տան մասնակցելու աշխարհի առաջնությանը, քանի որ նրան պարզապես «նեղացրեցին» Եվրոպայի առաջնությունում եւ զրկեցին այդ իրավունքից», - շարունակեց հավաքականի գլխավոր մարզիչը: Ինչպես հայտարարեց Դավիթ Թորոսյանը, աշխարհի առաջնությունից առաջ իրենք նախատեսել են երկու ուսհավաք, մեկը ֆիզպատրաստության, մյուսը՝ մասնագիտական: Մասնագետը ցանկանում է, որ դրանք տեղի ունենան Դավիթաշենում բացված Օլիմպավանի մարզաբազայում: