Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ՝ ինչ նկատի ունեք». ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-harutyunyan1

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալություններին, նշեց, որ դա նորմալ երևույթ է. «Եթե որեւէ մեկը իր աշխատանքի ընթացքում խախտում է իր լիազորությունները, բնական է, որ ՀՀ գործող օրենքների շրջանակում պետք է պատասխան տա»: Այն դիտարկմանը, թե, այսպես կոչված, մանր ձկներին են ձերբակալում, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մանր ձուկ, խոշոր ձուկ՝ ինչ նկատի ունեք»:  Հարցին, թե աշխատակիցներին կրճատելիս կրճատել են նրանց, որոնք կաշառակե՞ր էին, թե՞ նրանց, որոնք թիկունք չունեին, Վարդան Հարությունյանը նկատեց. «Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ լինեն սուբյեկտիվ մոտեցումներ, որովհետև մեկ ամսվա մեջ ամբողջ աշխատանքները իրականացնելու համար, իհարկե, դժվար է եղել: Այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են և միգուցե դուրս են մնացել աշխատանքից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա։ Ինչ վերաբերում է խոշոր տնտեսվարղներին ստվերից դուրս բերելուն, ապա, վստահեցնում եմ, որ ամեն օր աշխատում ենք։ Իսկ «Քեթրին գրուպ»-ում ստուգումներ կատարվում են։ «Քեթրին գրուպը» տնտեսվարող սուբյեկտ է և եթե այստեղ առաջանա ցանկացած խնդիր, բնական է` կլինեն ստուգումներ»: Արդյոք կա՞ մի խոշոր ընկերություն, որը երկար տարիներ գործել է ստվերի դաշտում և ՊԵԿ գործունեության արդյունքում դուրս է բերվել ստվերից. «Եթե իմ վերջին ամսվա գործունեությունը տեսել եք, ապա մենք երբեք մեր հաջողությունները չենք հանրայնացրել և բարձրաձայնել, դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Կարող ենք արձանագրել, որ հարկային եկամուտների աճ կա, և կարող եք փաստել, որ կա առաջընթաց: Հարկային գաղտնիք կա: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է թույլ տալ սխալ: Ստուգման ընթացքում այդ սխալները ի հայտ են գալիս և շտկվում են, որի արդյունքում պետբյուջե տուգանքի պատճառով գումարներ են վճարվել: Եթե տուգանքը վճարվել է և շտկվել է, ինչո՞ւ եք ուզում հիմա ցեխ շպրտել այդ մարդու վրա»:  Իսկ ինչպես է կուտակել իր հսկայական ունեցվածքը, պարոն Հարությունյանը հայտարարեց. «Մի մոռացեք, որ ես մինչև 2016թ. հոկտեմբեր ամիսը աշխատել եմ բիզնեսում: Եթե անհաջողակ բիզնեսմեն լինեի, ոչինչ չէի ունենա»: «Ելք» դաշինքը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը գնացող է, հեռացող է. «Հեռացողի նմա՞ն եմ ես: Ես կլինեմ այնտեղ, որտեղ նպատակահարմար կգտնի մեր թիմը»: