Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չգիտենք՝ ինչպես փաթեթավորել մեր թանգարանային արտադրանքը. Անի Ավագյան

Մշակույթ
ani

2001 թվականին Հայկական պետական մանկավարժական համալսարանում բացվում է թանգարանագետի գործ մասնագիտությունը։ Անին հիշում է՝ այդ տարի առաջին կուրս ընդունվածները հիմնականում այն ուսանողներն էին, որոնք չէին կարողացել այլ ֆակուլտետներ ընդունվել։ «Բոլորս միտք ունեինք անմիջապես հաջորդ կիսամյակում ուրիշ ֆակուլտետներ փոխադրվելու»,- ասում է նա։ Անի Ավագյանի ու կուրսընկերների բախտը բերում է՝ նրանց հետ նույն լսարանում են հայտնվում դասախոսներ, որոնք փոխում են անցանկալի մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը։ Իսկ թե որ թանգարանում կհայտնվեր նա ուսումն ավարտելուց հետո, վճռորոշ է եղել նկարիչ հոր գործոնը։ Անին հայտնվում է Ազգային պատկերասրահում. այստեղ է մինչ օրս։ Այժմ ղեկավարում է Ազգային պատկերասրահի գիտակրթական բաժինը։ Ինչպիսի՞ն պետք է լինի հետաքրքիր թանգարանը, և ի՞նչ նոր ճանապարհով պետք է անցնի ժամանակակից թանգարանը։

  • համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ

Հայաստանում թանգարանային գործը նոր ուղիով տանելու համար Անին կարևոր է համարում միջազգային կառույցների հետ համագործակցությունը։ Այդ նպատակի իրականացմանն է ծառայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թանգարանների գծով խորհրդատվական կոմիտեի հայաստանյան կառույցի ղեկավարումն ստանձնելը։ Նա ԻԿՕՄ-Ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահն է։ «Մեզ համար անչափ կարևոր է միջազգային նման կառույցների ղեկավար մարմիններում մարդիկ ունենալ։ Սա էլ քաղաքականության մի տեսակ է, և Հայաստանի համար զգայուն ոլորտ։ Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ում ունենք լուրջ խնդիր, երբ որ մեր հարևաններն ակտիվ են, անգամ՝ այդ կառույցի ղեկավարի պաշտոնին են հավակնում»։ Թանգարանային ոլորտում աշխատանքի մեծ փորձ ունեցող Անի Ավագյանը համակարգը ներսից գիտի։
  • Անհրաժեշտ է ստեղծել յուրահատուկը․ այն, ինչ դուրս է այցելուների սպասումներից

Որպեսզի թանգարանը հաջողություն ունենա, պետք է հասնել նրան, որ այցելուները ստանան այն, ինչն իրենց սպասելիքներից վեր է եղել։ Ուստի թանգարանը պետք է դարձնել հետաքրքիր ու յուրահատուկ։Երբ բարձր է խնդիրների մասին տեղեկացվածության մակարդակը, այդ ժամանակ փնտրում ես դժվարությունների լուծման ուղիներ ու գտնում դրանք։ Թանգարանները պետք է բաց լինեն բոլոր տարիքի այցելուների համար, ցուցանմուշների բացատրությունները պետք է հասանելի ու հասկանալի լինեն իմացության տարբեր մակարդակներ ունեցող մարդկանց համար, իսկ թանգարանի տարածքը պետք է այցելուների համար հարմարավետ լինի ու նաև բաց՝ աշակերտների և ուսանողների համար դասեր կազմակերպելու համար։
  • թանգարանները պետք է ոչ միայն պարզապես ցուցանմուշներ ներկայացնեն, այլ նաև ապահովեն կրթական բաղադրիչը։

«Թանգարանի ղեկավարությունը հստակ ռազմավարություն պետք է ունենա՝ ինչպես այն դարձնել ավելի լավը։ Մարդիկ սիրում են ունենալ գիտելիք, որի մասին գիտեն միայն իրենք, տիրապետում են արտասովոր ինֆորմացիայի։ Թանգարանը ոչ միայն զուտ ցուցադրական տարածք է, այլև՝ գիտելիք ձեռք բերելու հավելյալ տարածք»։
  • առաջավոր տեխնոլոգիաների ներդրում

Ցուցադրական տարածքների փնտրտուքներին զուգահեռ, թանգարանը պահեստում դրված հազարավոր ցուցանմուշները պետք է հանի հանրությանն ի տես։ Տարածքի խնդիրը թանգարանային գործի արգելակողը պետք է չդառնա։ Անի Ավագյանը, որքան էլ որ գործնական հմտությունների ու փորձի պակաս չունի, այնուամենայնիվ, եվրոպական առաջադեմ  մեթոդների ներմուծման կողմնակից է։ Նոր հմտություններ ձեռք բերելու նպատակով մասնակցել է Եվրոպական Միության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի վեց դասընթացի, իսկ ամենից շատ սպասում է Չեխիայի մայրաքաղաք Պրահա առաջիկա այցին, որտեղ կենտրոնական թեմա է լինելու կրեատիվ արտադրությունը։ «Մեր թանգարանները չունեն գրավիչ արտադրանք, կամ եթե նույնիսկ ունենք այդ արտադրանքը, չգիտենք՝ ոնց փաթեթավորել։ Հույս ունեմ՝ այս ծրագրի արդյունքում գիտելիքներ ու հմտություններ կբերեմ Հայաստան։ Ի դեպ, մենք պատրաստվում ենք այնտեղ ստացած գիտելիքներով վերապատրաստել հայաստանյան մասնագետների ևս»։ Անի Ավագյանն իր գերակտիվ մասնագիտական գործունեությունը պատահականություն չի համարում։ Ինքն ուզում է փոխվել ու փոխել հայաստանյան ոչ այնքան գունեղ իրականությունը։ Անին հավատացած է՝ եթե մարդը հասկանա, որ իր համար առաջնային պետք է լինի հանրային շահը, և ոչ անձնականը, այդ դեպքում անպայման հաջողության կհասնի։ eu-eastern-partnership-culture-fand-creativity-programme