Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվել է ուսումնական պլանը. որ օրերին դաս չի լինի

Հասարակություն
school

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2017թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2018թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6- օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։  Ներառական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է` «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հաստատության 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ): Ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներն ուղղված են հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների ու հմտությունների յուրացման ապահովմանը։ Հաստատություններում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։ Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։ Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռային՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2018թ. մարտի 19-ից ապրիլի 1-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը՝ 2018թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը ներառյալ: