Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ ՀՀ ղեկավարությանը՝ զերծ մնալ բաց երկխոսությունը սահմանափակելու փորձերից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arevelyan-gorcynkerutyun

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ երկրում տիրող իրավիճակը քննադատաբար գնահատելու կարեւորության մասին Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։ Մասնավորապես, անընդունելի են 2017թ. խորհրդարանական ու Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայաստանյան քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատականներին ՀՀ պաշտոնատար անձանց կտրուկ բացասական արձագանքը եւ այդ համատեքստում պետությանը «սեւացնելու» կամ նրա «ներքին գործերին խառնվելու»` մտացածին մեղադրանքները։ Այդպիսի դրսեւորումները հատկապես մտահոգիչ են Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման պարագայում: Մենք՝ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, համոզված ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը ենթադրում է, որ երկու կողմերն էլ պետք է սկզբունքորեն վերագնահատեն բոլոր ուղղություններով համագործակցության արդյունքները։ Ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ երկրի քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության խիստ ինքնագնահատման եւ Եվրամիության ներկայացուցիչների անկեղծ գնահատականների ու քննադատական հայացքի համադրումը միայն կարող է թափ եւ արդյունավետություն հաղորդել բարեփոխումների ընթացքին` հնարավորություն տալով լիարժեքորեն օգտվել մեր գործընկերների կողմից տրամադրվող ֆինանսական եւ բարոյական աջակցությունից։ Ընդսմին, Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում հրաժարվել այս կամ այն մտահոգության պատճառ հանդիսացող հարցերի շուրջ բաց երկխոսությունը սահմանափակելու փորձերից եւ նպաստել ՀՀ - ԵՄ համագործակցության օրակարգը կազմող բոլոր նախաձեռնությունների ու ծրագրերի անկախ եւ անաչառ վերլուծությանը, ինչպես նաեւ մշտադիտարկման մեխանիզմների մշակմանը: