Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր սարերն ենք միայն կարողանում վաճառել» (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-3

ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ծախսերի մասով մեր գոտիները պետք է ձգենք։ Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով նրան, նկատեց. «Պետական կառավարման տարբեր բլոկների ներկայացուցիչները տարբեր տրամադրությամբ են խոսում նավթի` համաշխարհային գների անկման մասին` տնտեսագետները` տխուր, իսկ ռազմական ոլորտը` բավականին ուրախ։ Հիմա մենք ի՞նչ ենք ուզում` բարձրացո՞ւմ, թե՞ իջեցում։ ՎՊ տվյալներով` միայն պետական պարտքի սպասարկման համար 2020թ. մեկ մլրդ դոլար է պետք։ Նաեւ ուզում եմ իմանալ` արտաքին պարտքի սպասարկման պիկը ե՞րբ է լինելու: Խնդրում եմ` նշեք նաեւ` ինչու է եղել բյուջեի թերակատարում»։  Ի պատասխան Վարդան Արամյանը նախ ասաց, որ ՀՀ իշխանություններն ուզում են ցածր նավթի գներ: Իր խոսքը նա փորձեց պատկերավոր ներկայացնել. «Երբ մենք ծանրոցներ ենք բարձրացնում, մեր կարողությունը 70 կգ է , սակայն մենք բարձրացնում ենք 120 կգ։ Երբ տնտեսական անկում ենք ունենում, ապա այդ ծանրությունը մնում է մեր վզին։ 2013թ. 500 մլն-ի պարտատոմս վերցրինք, սակայն այն ամբողջովին չենք մարելու։ Կարող ենք մարել, սակայն` իմա՞ստը։ Այդ իմաստով է ՎՊ-ն ասել 2020թ. մասին։ Ընտրելու ենք այն հարմար պահը, որ շուկան բարենպաստ կլինի, ու պարտատոմսերի այդ վերաթողարկումը կանենք»։ Ինչ վերաբերում է 100 մլրդ դրամի թերակատարումներին, ապա, ըստ նախարարի, որքանով է նպատակահարմար հետ բերել այդ գումարները, մանավանդ, որ այդ ճյուղերը էլ չեն գործում. «Տարին փակել ենք 340 մլրդով ավելի ցածր ՀՆԱ-ով։ Ծրագրել էինք 67 մլրդ, սակայն ստացվեց 55 մլրդ-ի մաքսատուրքեր։ Ներմուծման կառուցվածքի պատճառով ենք քիչ կատարում ունեցել` 7-8 մլրդ ավելի քիչ հավաքագրում»: Ծառուկյան դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր հարցադրման մեջ նշեց, որ մեր տնտեսական աճը կախված է տրանսֆերտներից, արտաքին շուկաներից. «Ես հասկանում եմ, որ մենք լավն ենք, բայց մեզ ոչ մեկը լավ չի վերաբերվում, լրիվ էն քաջ Նազարի պատմությունն է, սակայն զուսպ ու վախվորած տնտեսական աճը նշանակում է, որ մենք շարունակելու ենք տրանսֆերտներից կախված մնալ ու շուկաներից, որտեղ մեր սարերն ենք միայն կարողանում վաճառել։ Մենք ե՞րբ պետք է փրկվենք դրանից։ Ե՞րբ պետք է ունենանք ոչ թե պետական պարտքի սպասարկում, այլ կառավարում»։ Վարդան Արամյանի մեկնաբանությամբ` մեր տնտեսական աճը պետք է գա արտահանելի հատվածից, այլ ոչ թե տրանսֆերտներից. «Մի քանի տարի անց, եթե մեզ հաջողվի իրականացնել մեր բոլոր ծրագրերը, կունենանք ավելի բարձր դիմադրողականություն, թեեւ չեմ կարծում, որ մենք հիմա կոլապսային վիճակում ենք»։