Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյան. «Մենք սովոր ենք ունենալ դեսպաններ գալըչկայի համար» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-2

Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ մեր իշխանությունները պատրաստ չէին դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարություններին. «Այլ հարց է, որ մենք սովոր ենք ունենալ դեսպաններ ընդամենը գալըչկայի համար, ովքեր շատ դեպքերում մտնում են հանցավոր չակերտավոր համաձայնության տարբեր նախարարների հետ, տարբեր գրանտային ծրագրեր են իրականացնում ատկատի մեխանիզմներով: Հիմա էս մեկն էլ էդպիսի դեսպան չէ»,- ասում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Պյոտր Սվիտալսկին չի ուզում թղթերով պայքարել կոռուպցիայի դեմ, նա միշտ խոսում է ըստ էության: Եվ այնպես չէ, որ մեր պետության արատների մասին խոսելով ինքը նորություններ էր ասում. «Գաղտնի՞ք է, որ տարբեր գործատուներ ուղղակիորեն նվաստացնում են իրենց աշխատողներին»: Տիկին Զոհրաբյանը չի կարծում, թե դեսպան Սվիտալսկու օրակարգում է հանրապետականներին դաստիարակելու առաքելությունը: Եթե Հանրապետականը ժողովրդավարության մասին այլ պատկերացում ունի, դեսպանն այդտեղ ոչինչ անել չի կարող. «Կոչս էն է, որ ամեն մեկը զբաղվի իր գործերով եւ որեւէ մեկը դատավորի կարգավիճակ չստանձնի եւ չփորձի գնահատականներ տալ դեսպանի վարքագծին»: Չնայած դրան տիկին Զոհրաբյանը համաձայն չէ Պյոտր Սվիտալսկու այն դիտարկմանը, որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կազմում պետք է տեղ գտնեն նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Դեսպանը զարմանալի լավատես է. «Էնտեղ Տիգրան Մուկուչյանը նստած կլինի, թե Մուկուչ Տիգրանյանը նստած կլինի, թե որեւէ այլ անձնավորություն նստած կլինի, ընտրական ձեւախեղումները, կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ նստած կլինեն, ընտրական ձեւախեղումները մեզանում շատ ավելի այլ տեղերում են»,- ասում է նա: Բարեփոխումները Նաիրա Զոհրաբյանը կսկսեր այն քաղաքացիներից, որոնք հերթ են կանգնում ընտրակաշառքի համար: Հետո կգնար գործատուների մոտ, որոնք քվեի համար սպառնալիքներով նվաստացնում են իրենց աշխատողներին: Հետո միայն պատգամավորը կփորձեր իր բառերով բարեփոխել Տիգրան Մուկուչյանի «կանտոռան»: