Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամը ցանկանում է կրթություն ստանալ (տեսանյութ)

Հասարակություն
aram-pavlik

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի առողջական վիճակը մտահոգում է  նրա հարազատներին։ «Ներկայումս իրենց ֆիզիոթերապիա է պետք, ոչ սարքավորումներ կան «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, ոչ էլ: Եվ հայրս եւ եղբայրս փորձում իրենց ոտքը մարզել: Վարժություններ են անում օրը մի քանի ժամ, բայց, քանի որ բժշկի ցուցում չկա, վախենամ սխալ բան չանեն: Ուզում ենք նորմալ բժիշկ գտնել, որ այցելի իրենց մոտ»,- «Ա1+»-ին ասաց  Ասպրամ Մանուկյանը: Պաշտպան Ինեսա Պետրոսյանն ավելացնում է՝ Արամն իր վիրահատությունից հետո, անցյալ տարվա հուլիսից ամեն օր ջերմում է եւ ոտքը բարակել է:     Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից պնդում են՝  Արամ Մանուկյանի առողջական վիճակը բավարար է, իսկ ջերմությունը կապված է նրա մարմնում օտար մարմնի առկայության  հետ։ Այստեղ պնդում են՝  բժշկական կոնսիլիումը  ֆիզիոթերապիա չի նշանակել:  Արամ Մանուկյանը հրազենային վնասվածքներ էր ստացել  ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ՝ 2016թ հուլիսի 26-ի ուշ երեկոյան։    Ինեսա Պետրոսյանի մյուս պաշտպանյալները՝  «Սասնա ծռեր» -ի անդամներ Պավել Մանուկյանը եւ Արմեն Լամբարյանը եւս ստացել էին հրազենային վիրավորումներ: Իր պաշտպանյալներին  Ինեսա Պետրոսյանը համարում է տուժող. «Նրանց նկատմամբ կիրառվել է այդպիսի զենք, նրանց ծանր վնասվածքներ են պատճառվել եւ առկա է փորձագետի եզրակացություն:  Ճիշտ է նրանք տուժող չեն ճանաչվել, բայց տուժող են պետության կողմից, պետությունն է այդպիսի վիճակի հասցրել , հիմա պետությունը չի ստանձնում իր պարտավորությունը, որպեսզի ստանձնի նրանց հետագա բուժումը:    Արմեն Լամբարյանի ոտքը տեսեք ինչքան է կարճացել, նա չի կարողանում նորմալ տեղաշարժվել, նույնը՝ Պավլիկ Մանուկյանը, նույնը՝ Արամ Մանուկյանը»:     «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը նույնիսկ անազատության մեջ կրթվելու ցանկությունը չի կորցրել:  Իր համալսարանը՝Ճարտարապետաշինարարականը,  մերժեց մեզ, չնայած, որ Արդարադատության նախարարության թույլտվությունը կար,  ՔԿՀ-ի թույլտվությունը կար:  Հիմա դիմել ենք Տնտեսագիտական համալսարան, հուսով ենք, որ դիմումը կընդունեն եւ կկարողանա ուսումը շարունակել»,- «Ա1+»-ին ասաց Արամ Մանուկյանի քույրը՝ Ասպրամ Մանուկյանը:    Առայժմ հարազատները սպասում են պատասխանի, իսկ Արամ Մանուկյանի եւ մյուսների գործով նախաքննությունն արդեն ավարտվել է ։ Գործն ուղարկվել է դատարան, սակայն նիստի օրը դեռ հայտնի չէ: