Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամանակին Գևորգ Կոստանյանին սխալ են մեջբերել (տեսանյութ)

Քաղաքականություն
e3ce220b64d0c7133d52cdb33a124be3

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գեւորգ Կոստանյանը հիշում է, որ ինքը ժամանակին հայտարարել էր, որ եթե ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերը վայր դնեն զենքը, ապա նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Այսօր նա պնդում է, որ ժամանակին իրեն սխալ են մեջբերել. «Հանցագործություն կատարած անձինք, եթե իրենց արարքներում այլ հանցակազմ չի պարունակում, ապա այդ շենքեր շինություններ ազատելու, կամ պատանդներ ազատ արձակելու դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում»: Նախկին գլխավոր դատախազը չի բացառում, որ շենք գրաված եւ պատանդ վերցրած մարդիկ կարող են խոշտանգել իրենց զոհերին, հետո բաց թողնել: Փաստ է, որ ծռերը ոչ մեկին չեն խոշտանգել, փոխարենը նրանցից երկուսն, ըստ մեղադրանքի, պատասխանատու են երկու սպանության համար, մյուսներն, ըստ նախկին գլխավոր դատախազի նախկինում արված հավաստիացումների, պետք է որ ազատ արձակվեին. «Փաստաբաններն արդեն կարող են բարձրացնել այդ հարցը, թե ինչի, եթե իրենք գտնում են, որ այդ անձանց արարքներում այլ հանցակազմի տարրեր չկան, ինչու նրանց նկատմամբ քրեական հետապնդումն այդ մասով չի դադարեցվում»: Նախկին գլխավոր դատախազը նորմալ է համարում նաեւ, որ Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին ձերբակալել են զենքի մաքսանենգության հետ կապված հոդվածով, որը ոչ մի կապ չունի այսօր առաջադրված՝ փողերի լվացման մեղադրանքի հետ. «Մարդուն մեղադրանք են առաջադրում այդ պահին նախաքննության տրամադրության տակ առկա ապացույցների հիման վրա ինչ-որ հանցանք կատարելու մեջ: Նախաքննության ցանկացած փուլում դա կարող է փոխվել: Կարող է փոխվել նաեւ դատարանում»: Պարոն Կոստանյանն անդրադարձել է նաեւ դատավորների հնարավոր անպատժելիությանը: Այստեղ էլ այս մարդը խնդիր չի տեսնում՝ նրանց կարելի է ենթարկել պատասխանատվության՝ եթե անփույթ են կամ կայացրել են չարամիտ որոշում: Իսկ դատավորների դատավորներն ովքե՞ր են. «Դա էթիկայի հանձնաժողովն է»: Ընդամենը երկու ամիս առաջ պատգամավոր դարձած դատախազը չգիտի՝ երբեւէ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը պատժե՞լ է որեւէ դատավորի: Անձամբ պարոն Կոստանյանը 9 տարի առաջ գիտեր մեկ դատավորի, որը չարամիտ որոշում էր կայացրել. «Արդարադատության փոխնախարար լինելով ես դիմեցի արդարադատության նախարարին եւ հարուցվեց կարգապահական վարույթ դատավորի նկատմամբ: Դատավորը հիմա, եթե չեմ սխալվում, թոշակի է»: Հայտնի է, որ 2008-ից հետո դատավորներն առավել պատասխանատու չեն դարձել: Գեւորգ Կոստանյանը ոչնչից տեղյակ չէ. «Որպես իրավաբան ինձ հետաքրքիր է իրավական կարգավորումը, դրա գործնական կիրառումը բոլորիս է հետաքրքրում»: Եվրոպական դատարանում մեր դատավորների դեմ բազմաթիվ գործեր կան, դրանցից մեկի մասին Գեւորգ Կոստանյանը խոսում է շշուկով. «Դուք արդեն ինքներդ... –Մկրտումյանի՞... –Այդ թվում»: