Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուրսանտին մեղադրանք է առաջադրվել տարեց կնոջը կողոպտելու համար

Պաշտոնական

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են տարեց կնոջը կողոպտելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել  ժամկետային զինծառայողին: 2016թ. դեկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից  մեկի մոտ բացահայտ հափշտակել են տարեց կնոջ դրամապանակը: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ժամկետային զինծառայող, 20-ամյա կուրսանտ: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա կուրսանտը, գտնվելով արձակուրդում,  2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի շենքերից մեկի մոտ տարեց կնոջ ձեռքից քաշելու միջոցով բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և դեղահաբեր, ապա՝ դիմել փախուստի: Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կուրսանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե