Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեզ ասել են՝ գրի 5 տոկոս, Դուք էլ գրել եք». Էդ. Մարուքյանը՝ վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
edmon

ԱԺ-ում Կառավարության ծրագրի ներկայացմանը Ելք դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթը սկսեց՝ անդրադառնալով վեճին՝ վարչապետի հետ իրենց՝ տեղի չունեցած հանդիպմանն ու ԱԺ նախագահ Արա բաբլոյանի միջնորդությանը. «Պարոն Բաբլոյան, ուզում եմ ասել, որ որեւէ պատգամավոր ԱԺ նախագահի աշխատողը չէ, եւ լավ գիտեք, որ նախկինում նման պրակտիկա չի եղել»:  Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթին եւ նրա այն խոսքին, թե ինքը պատրաստ է 2018թ. լինել վարչապետ, Էդմոն Մարուքյանն ասաց. «Ես էլ եմ պատրաստ լինել վարչապետ, սակայն քաղաքական մեծամասնություն մենք չունենք: Հարց է առաջանում՝ իսկ այսօրվա վարչապետն ունի՞ քաղաքական մեծամասնություն, որը կարեւորագույն քաղաքական հարցն է: Նորից եմ ուզում ասել, պարոն վարչապետ, շատ անհավես, անէմոցիա, անվստահ ելույթ էր, դուք փոխվել եք, թե ինչու, դա ՀՀԿ-ականները կասեն»: Այնուհետեւ, պարոն Մարուքյանը սկսեց ընթերցել Կառավարության ծրագրից հատվածներ. «Նշում եք, որ պետք է խուսափել պոպուլիզմից: Երկրում ամենից շատ պոպուլիզմի համար ձեզ են մեղադրում: Պետական պարտքին չանդրադարձաք: Սա Կառավարության առաջին ծրագիրն է, որտեղ համայնքների համաչափ զարգացման մասին խոսք անգամ չկար: Ստացվում է՝ Երեւանում ուզում եք կառուցել Երեւան-գյուղ: Արտաքին հարաբերությունները՝ հանդիպումներ եք ունեցել միայն ԵՏՄ երկրների հետ, մինչդեռ փողն արեւմուտքում է, իսկ արեւմտյան մի այց չի կազմակերպել: Լավ, ԵՏՄ երկրների հետ եք հանդիպումներ ունենում, իսկ այդտեղ բազմաթիվ անգամներ խախտվում են ՀՀ քաղաքացիների շահերը: Օրինակ՝ հայկական վարորդական իրավունքով ՌԴ-ում հնարավոր չէ աշխատել, բա ինչո՞ւ չեք պաշտպանում ՀՀ քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիներին դեպորտացիա են անում ՌԴ-ում կարմիր լույսի տակով անցնելու համար: Բա մեր քաղաքացիների շահերը ո՞վ պիտի պաշտպանի այդ դեպքում, եթե չեք գնում Եվրոպա փող բերելու: Ասում եք՝ ապահովելու եք տնտեսական 5 տոկոսանոց աճ: Ձեզ ասել են՝ գրի 5 տոկոս, դուք էլ գրել եք ու երբ չապահովեք, ապրիլին ասեն՝ դե, չկարողացար, դրա համար էլ դեռ չէինք կարող ասել՝ ով է լինելու վարչապետը»: