Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արազափում տները վարկերի պատճառով կալանքի տակ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Sargis-nkar

Արմավիրի Արազափ գյուղի  բնակիչ Սարգիս Սարգսյանը փաստի առաջ է կանգնել։ Նախորդ շաբաթ   կարկուտից ու քամուց վնասվել է ջերմոցի պոլիէթիլենային ծածկը. «Ուժեղ քամի էր, կողքերը փորձեցի ծածկել, չհասցրեցի, տվեց տրաքցրեց։ Դե բերքը տաք տեղն ինքը աշխատում ա, քամին էլ որ խփի, ինչ պետք ա անի, խաշում փչացնում ա», ֊ պատմում է գյուղացին։ Նույնիսկ այս պարագայում,  ի տարբերություն շատ համագյուղացիների, Սարգիս Սարգսյանի բախտը բերել է՝ բերքի մի մասը փրկվել է։ Բերքը չի քաղում, քանի որ մեծածախ  գնորդ չկա։ Տանը կից հողամասում վարկային միջոցներով ջերմոցներ է սարքել, ահագին ծախս արել, բայց բերքը մնացել է թփին։ Սարգիս Սարգսյանը ասում է. «100-120 կիլո ցելոֆան ենք առել, ցելոֆանը քաշում ենք, վարում ենք, մշակում ենք, թելերին փող ենք տալիս, սերմին հատը 30 դրամ փող ենք տալիս, հոսանք ենք վառում, մշակում ենք, բերում հասցնում ենք բերան, չի վաճառվում»։ Արմավիրցի մյուս ֆերմերների պես վարունգն ու լոլիկը Հովտաշատ գյուղի մեծ շուկա է տանում, որտեղ հիմնական գնորդները վերավաճառողներն են. «Գին չկա, տանում ենք ընդեղ, առնողն էլ կանգնում ասում ա՝ ձեռ ե՞ք առնում, 10 դրամով կտաս կտանենք, չէ՝ չենք տանի, կամ 5 դրամով, ոնց որ մարդու ներվերի հետ խաղան, բա ես էսքան ծախս եմ արել»։ Տոկոսների տակ կքած գյուղացիները հազիվ են վճարում  նաեւ ջրի  վարձավճարները։ Սարգիսը պատմում է. «Հազիվ գումար ենք հայթայթում, ընտանիքին ենք պահում, չենք կարողանում ջրի վարձը ժամանակին մուծել։ Եթե գումար չկա որտեղի՞ց տաս: Դե արի ջրի վարձ տուր, ինչո՞վ տաս, վարկը մի կողմից՝ տոկոսը գալիս ա, պետք ա տոկոս փակենք, չենք կարողանում, ջրի վարձն էլ որտեղի՞ց կարողանանք տալ»։ Արաքսի ափին փռված Արազափում շատերի տունն է վարկերի պատճառով կալանքի տակ։ Նրանց շարքում է նաև Սարգիս Սարգսյանը. «Ի՞նչ իմանամ երաշտ ա լինելու թե ինչ ա լինելու, վարկը վեկալել դրել եմ հողի վրեն, որ եկամուտ ստանամ։ Գալիս ա ասում ա՝ վարկը վեկալել ես, ինձ չի հետաքրքրում, դուրս արի տնից, բա մենք ո՞ւմ գնանք բողոքենք»։ Երկար տարիների հողագործը գնալով համոզվում է՝ հողագործությամբ զբաղվելը դարձել է ոչ եկամտաբեր։ Չեն կարողանում ոչ մի հարց լուծել, հազիվ ընտանիքի գոյությունն են պահպանում։ «Ինչ եկամուտ ստանում ենք, հազիվհազ վարկերն ենք փակում, նույնիսկ պատահում ա, որ վարկն էլ չենք կարողանում փակել։ Իմ խնդրանքը կլինի, վարկերը գոնե սառեցնեին, ինչ-որ մի բանով օգնեին էլի ժողովրդին, էս վիճակից դուրս գա ժողովուրդը, թե չէ ժողովուրդը շատ մեղք ա, գյուղացի էլ չկա, գոյություն չունի։ Խնդրանքն ուղղում է իշխանություններին, բայց պատասխան ստանալու, օգնության հույս չունի։ Արազափի երկար տարիների բնակիչը պնդում է՝ ինքը վատատես լինելու հիմք ունի։ Չի հիշում մի դեպք, երբ որևէ պաշտոնյա գա գյուղ, հետաքրքրվի իրենց վիճակով։