Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախ նրանից` ով կլինի վարչապետ, գործ եք ունենալու Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ. Շարմազանով

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov

ԱԺ նիստին այսօր Կառավարության ծրագրի ներկայացմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով` նշելով. «Մեզ համար ամենակարևոր հարցը անվտանգությունն է։ Այստեղ նշվեց, թե արտաքին հարաբերությունների, մասնավորապես Արցախի հետ կապված, Կառավարության ծրագրում մեկ տողով է նշված։ Մի տողով է նշված, սակայն շատ դիպուկ»։  Նա նշեց, որ դահլիճում ընդդիմության կողմից հնչեց ինչպես առողջ, այնպես էլ անառողջ քննադատություն. «Այստեղ հիշեցի հայտնի մի ասացվածք` եթե նույնիսկ իշխանությունը գետնի վրայով քայլի, կհայտնվեն ընդդիմադիրներ, որոնք կմեղադրեն իշխանությանը լողալ չիմանալու մեջ։ Կան թեմաներ, երբ և մենք միասնական ենք, երբ խոսքը վերաբերում է ավելի ուժեղ, ավելի արդար ՀՀ ունենալուն։ Դա հնարավոր է, եթե աշխատենք»: Նա անդրադարձավ Կարեն Կարապետյանի` 2018թ. հետո վարչապետ լինել-չլինելուն. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք արդեն, ու ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին։ Անկախ նրանից` ով կլինի վարչապետ, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»։ Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց` Կառավարության ծրագրում ավելի շատ հռչակագրային ձեւակերպումներ էին, մինչդեռ, ըստ նրա, պետք է լինեին շատ կոնկրետ, տեսանելի, չափելի մեխանիզմներ. «Մահացած մարդկանց հիշելու սովորույթ չունեմ, սակայն մեջբերեմ Կարլ Մարքսի հայտնի խոսքերը` նամակս երկար ստացվեց, քանի որ ժամանակ չունեի։ Երեւութաբանությամբ եմ ես միայն զբաղվում, այլ ոչ թե անձնական հարաբերություններով։ Իմ նպատակը բնավ էլ ինքնանպատակ քննադատությունը չէ։ Այս ծրագիրը չի կապում քաղաքացուն եւս հինգ տարով այստեղ մնալու հետ։ Եւս մեկ անգամ հիշեմ մահացած մարդկանց, ինչպես իմ գործընկերներն են սիրում անել, Աբրահամ Լինկոլնի խոսքերը` ժողովրդի մի մասին հնարավոր է ժամանակավոր խաբել, սակայն ամբողջ ժողովրդին` ոչ»։ Նրա ելույթից հետո` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց` ասելով. «Ուղղակի ասեմ ձեզ` դա ոչ թե Կարլ Մարքսն է ասել, այլ Մարկ Տվենն էր նամակ գրողը»։