Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլ Սալվադորում պետությունն արգելք դրեց մետաղական հանքավայրերի շահագործման վրա

2-15

Մինչև Հայաստանում շարունակում են նորանոր մետաղական հանքերի շահագործման մասին մտածել, աշխարհում սկսել են արգելքներ դնել այդ գործընթացների վրա՝ հիմնականում ջրային պաշարների պահպանության նկատառումներից ելնելով։ Վերջերս The Guardian-ն անդրադարձել էր Էլ Սալվադորում պետության կողմից մետաղական հանքարդյունաբերության արգելքի թեմային: Ներկայացնում ենք հոդվածի հայերեն տարբերակը։ Սկզբնաղբյուրն այստեղ: Ցույցի մասնակիցը Սան Սալվադորի օրենսդրի շենքում ցույց է տալիս կարգախոսը «Ոչ հանքին, Այո կյանքին» գրությամբ: Նկարը Մարվին Ռեսինոսի/AFP/Getty Images 1 Էլ Սալվադորը պատմություն է կերտում` առաջինն աշխարհում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելով: Այս սակավաջուր երկրի օրենսդիրները 2017 թվականի մարտ ամսին միաձայն քվեարկությամբ որոշում ընդունեցին՝ հայտարարելով Էլ Սալվադորը հանքարդյունաբերությունից զերծ տարածք: Որոշումը հաջորդեց այն երկար և դառը պայքարին, որով Կենտրոնական ամերիկյան այս երկիրը պաշտպանեց իր ջրի նվազող պաշարները դրանք աղտոտող հանքարդյունաբերական ծրագրերից: Արշավի մասնակիցները արդեն հայտնի դարձած «Ո՜չ հանքին, Այո՜ կյանքին» կարգախոսով պաստառներով տոնում էին մայրաքաղաք Սան Սալվադորի օրենսդիր մարմնի ներսում և շենքից դուրս: «Քվեարկությունը այն համայնքների հաղթանակն է, որոնք ավելի քան մեկ տասնամյակ անդադար պայքարել են՝ հանքարդյունաբերող ընկերություններին իրենց տարածքներից հեռու պահելու համար: Այս արգելքը երաշխավորում է երկարաժամկետ էկոլոգիական կենսունակություն մի երկրի համար, որն արդեն իսկ էկոլոգիական առումով համարվում էր աշխարհում ամենախոցելիներից մեկը»- նշում է Պեդրո Կաբեզասը՝ Էլ Սալվադորի հանքարդյունաբերության դեմ պայքարի միջազգային դաշինքից: Մարտի 29-ի քվեարկության արդյունքը ողջ Լատինական Ամերիկայում իրականացվող էկոլոգիապես կործանարար ծրագրերի դեմ աճող ընդդիմության արդյունք է, ընդ որում Կոստա Ռիկայում, Արգենտինայում և Կոլումբիայում արդեն իսկ մասնակի արգելքներ են դրված: Էլ Սալվադորը Լատինական Ամերիկայի ամենախիտ բնակեցված երկիրն է, և չնայած տեղումների քանակն առատ է, ջրային պաշարների պահպանությունը մեծ խնդիր է ոչ կայուն գյուղատնտեսության և արդյունաբերության անբավարար վերահսկման պատճառով՝ ինչն էլ հանգեցրել է հողի համատարած էրոզիայի և երկրի անտառնեի գրեթե ամբողջական ոչնչացման: Էլ Սալվադորի մակերևութային ջրերի գրեթե 90%-ը գնահատվում են որպես աղտոտված թունավոր քիմիական նյութերով, ծանր մետաղներով և թափոններով: Ջրի ճգնաժամը կայուն կերպով խորացել է սկսած բիզնեսին աջակցող Արենա կուսակցության կողմից օգտակար հանածոների բացահայտման նպատակով մի շարք արտոնություններ տրամադրելու ժամանակներից: Արգելքն աջակցողները հատկապես թափ հավաքեցին անցյալ տարվա հոկտեմբերին, երբ միջազգային դատարանը մերժեց մի միջազգային հանքարդյունաբերող ընկերության հայցն ընդդեմ Էլ Սալվադորի կառավարության, որով այն ցանկանում էր պարտադրել կառավարությանը միլիոններ վճարել որպես փոխհատուցում ոսկու հանք բացելու թույլատվություն չտալու համար: Ընկերությունը սատարում էր արգելքի դեմ իրականացվող մի արշավ՝ առաջ մղելով պատասխանատու հանքարդյունաբերության առավելությունները: Սակայն Օկեան Գոլդ-ի պահանջն այն մասին, որ իրեն անարդարացիորեն մերժել են Կաբանյաս շրջանում իր ԷլԴորադո հանքի փորման աշխատանքները սկսելու իրավունքի տրամադրման հարցում, մերժվեց՝ անհիմն լինելու համար, և ընկերությանը պարտադրվեց Էլ Սալվադորի կառավարությանը վճարել 8մլն ԱՄՆ դոլար՝ դատական ծախսերի համար: Որոշումը ազդարարեց երկար ձգվող դառը վեճի ավարտը, որը պատճառ էր հանդիսացել  ջրի աղտոտման և ջրի պաշարներրի նվազման դեմ կոնկրետ քայլեր իրականացնելու հետաձգմանը: Ազգային հարցումները շարունակաբար ցույց էին տալիս, որ սալվադորցիների մեծամասնությունը կողմ էին արգելքի, և այս ամսվա սկզբին հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել օրինագծի ընդունման համար, որին սատարում էին նաև կաթոլիկ եկեղեցին, ակադեմիական շրջանակները և քաղաքացիական հասարակության խմբերը: Ջեն Մուրը՝ MiningWatch Canada-ի Լատինական Ամերիկայի ծրագրերի համակարգողն ասաց, որ հաղթանակը կխրախուսի այլ երկրներին ևս պայքարելու հանքարդյունաբերող հսկաների դեմ: «Սալվադորի բնակիչներն ու ղեկավարները մեծ ջանքեր են ներդրել՝ կշռելու կարճաժամկետ շահը իրենց ջրի, բնական միջավայրի և հասարակության բարեկեցության երկարաժամկետ ռիսկերի հետ… և չնայած ընկերության՝ երկիրը շորթելու ջանքերին, նրանք ապացուցեին, որ հնարավոր է հաղթել՝ չնայած էական անհավասարությանը»: 2009թ.-ին նորընտիր ձախաթևյան FMLN կառավարությունը նախաձեռնեց դե ֆակտո մորատորիում մետաղի հանքարդյունաբերության վրա՝ գյուղական համայնքներում աճող զայրույթին զուգահեռ: Կաբանյաս շրջանում, որտեղ տեղակայված է ԷլԴորադո հանքը, դիմադրությունն սկսվեց 2008թ.-ին՝ տեղական Ռադիո Վիկտորիա ալիքի եթերում հեռարձակված  հանքարդյունաբերության դեմ քարոզարշավի արդյունքում: Քրիստինա Սթարը, ռադիո Վիկտորիայից, նշում է, «Այսօր ջուրը հաղթեց ոսկուն: Այս պատմական հաղթանակը պայմանավորված է Սալվադորցիների հստակ վճռականությամբ, որով նրանք պայքարում էին կյանքի համար ի հակադրություն  քչերի տնտեսական շահի»։ Թարգմանեց Արմինե Մարտիրոսյանը Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն