Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանն ընդդեմ Շահեն Հարությունյանի. գործ առաջին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Shahen-Harutyunyan-nkar

Երևանի քաղաքապետարանը Վարչական դատարանից պահանջում է չիրազեկված հավաքներ կազմակերպելու համար պատասխանատվության ենթարկել ակտիվիստ Շահեն Հարությունյանին։ Վերջինս  «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի մահվան օրը՝ մարտի 16-ին, ապա  մարտի 17-ից 20-ը մասնակցել է ինքնաբուխ հավաքների։ Առաջին դատական նիստին  Շահենի պաշտպանը դատարանին միջնորդեց քաղաքապետարանի 4 հայցերը միավորել  եւ քննել  մեկ գործի շրջանակում. «Հաշվի առնելով, որ Վարչական դատարանում ընդդեմ Շահեն Հարությունյանի դեմ քննվող և միևնույն առարկային վերաբերող մի քանի գործեր են առկա»,- հիմնավորեց Տաթևիկ Սիրադեղյանը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչ Արամ Աբովյանը առարկեց 4 գործերը միավորելու պաշտպանական կողմի միջնորդության դեմ։ Հիմնավորումն այսպիսին էր. «Մի դեպքով  հավաքն անցկացվել է Ազատության հրապարակով, մեկ այլ գործով՝ հավաքն իրականացվել է Սայաթ Նովա-Նալբանդյան փողոցներով, մի ուրիշ դեպքով իրականացվել է Մաշտոցի պուրակով։ Ի վերջո՝ գործի հանգամանքները տարբեր են, պարզապես իրավական սուբյեկտն է հանդիսանում նույնը»։ Տաթևիկ Սիրադեղյանը հակադարձեց. «Հավաքները բոլորը վերաբերել են միևնույն նպատակին, կազմակերպվել են Շահեն Հարությունյանի կողմից, թե մի հավաքի պարագայում երթն ինչ ուղղությամբ է ընթացել, որևէ նշանակություն չունի»։ Արդյո՞ք դատարանը 4 գործերը կմիավորի, դատավոր Կարեն Զարիկյանը որոշում կկայացնի մինչև հունիսի 22-ը՝ վարչական գործերից երկրորդի անցկացման օրը։ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդու  պաշտպանը պնդեց՝ իրենք առարկում են քաղաքապետարանի հայցի դեմ, բայց հիմնավորումներով կխոսի դատական հաջորդ նիստի ժամանակ։ Գնահատականի հարցում Շահեն Հարությունյանն այդքան չի սպասի։  «Շինծու մեղադրանք է, քանի որ մեր ցույցերի ընթացքում, որոնք եղել են բացառապես ինքնաբուխ հավաքներ-երթեր, Երևանի փոխոստիկանապետ պարոն Օսիպյանը բազմիցս նշել է, որ այո, ձեր հավաքը համապատասխանում է  ինքնաբուխ հավաքի շրջանակներին, ուստի մենք չունեինք իրազեկում ներկայացնելու կարիք»,- ասում է Շահենը։ Այդ պարագայում ի՞նչն է Երևանի քաղաքապետարանին դրդել ընդդեմ Շահեն Հարությունյանի հայցեր ներկայացնել։ Շահեն Հարությունյանը պատասխանը գիտի. «Քաղաքական հետապնդումներ են իմ նկատմամբ, որպեսզի հնարավորինս խոչընդոտեն իմ հանրային գործունեությունը»։ Շահեն Հարությունյանը վստահ չէ, որ ի վերջո իրավունքից ու օրենքից բխող դատական ակտեր կկայացվեն։ Ըստ նրա՝ կա երկու տարբերակ՝ կամ դատավորը կգործի օրենքի շրջանակում՝ մերժելով քաղաքապետարանի հայցերը, կամ էլ կգնա ոչ օրինական ճանապարհով եւ կտուգանի իրեն։ Տուգանքի չափը թողնված է դատարանի հայեցողությանը։