Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրել մարդուն. լավ ճարտարապետ լինելու գաղտնիքը (տեսանյութ)

Հասարակություն
Tatev-nkar

13-ամյա Ալյոնա Բասենցյանը մասնագիտության հարցում արդեն կողմնորոշվել է. «Ինտերիեր դիզայնն եմ ընտրել, բայց դե ճարտարապետությունն էլ կապ ունի էդ ամեն ինչի հետ, որովհետև ինտերիերը նույն ճարտարապետության հիմքի վրա է»,- «Ա1+»-ին ասում է Ալյոնան։ Նրա հայրն ու պապը ճարտարապետներ են։ Ասում է՝ իրեն չեն ստիպել իրենց ուղիով գնալ, պարզապես ինքը ոգեշնչվել  է գեղեցիկի արվեստով. «Ինձ ավելի շատ հին ոճերն են դուր գալիս ու նորը։ Մարդիկ ձգտում են նորին գնալ, եթե ես էդ ամեն ինչին հասնեմ՝ կուզեմ համ էն լինի, համ էն։ Այսինքն՝ խառնուրդ, որ հինը չմոռացվի, նորն էլ զարգանա առաջ»։ Ալյոնային ոգեշնչում է Կասկադը, ասում է՝ շատ բան ունի բացահայտելու։ Նրան հետաքրքրում է՝ ինչպես էր հնարավոր այդպիսի բարդ կառույց նախագծել։ Երևանում հիասթափեցնող կառույցներ էլ կան, որոնք ինքն այլ ձև կնախագծեր։  «Շատ հին շենքի կողքը կառուցում են նոր, ապակիներով ինչ-որ բան ու չի համադրվում իրար հետ։ Մարդկանց կարծիքն էլ է կարևոր, պետք է մնացածների կարծիքն էլ հաշվի առնեմ»։ Ալյոնան ու ևս 8 երիտասարդներ «Ճարտարապետական շաբաթ» կազմակերպության ամառային դպրոցի ավագ խմբի մասնակիցներ են։ Ալյոնան ասում է. «Դասընթացները շանս են, որ ավելի շատ իմանամ էս ամեն ինչի մասին, տարբեր մարդկանց կարծիքներ լսեմ»։ «Ճարտարապետական շաբաթ» կազմակերպության ղեկավար Տաթև Ղազարյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշում է. «Երխաներին բացատրելու ենք՝ ինչ է ճարտարապետությունը,  ճարտարապետության պատմությունից հետաքրքիր դրվագներ»։ Կրտսերների խմբում ընդգրկված են 10-ից 13 տարեկան երեխաները, ավագները՝ 13-ից 16 տարեկաններն են։ Խմբերի համար դասընթացների ծրագրերը  տարբերվում է։ «Եթե փոքրերին մուլտերից կադրերով բացատրելու ենք՝ ինչ  է ճարտարապետությունը և շատ ինտերակտիվ է լինելու, ապա 13-ից 16 տարեկանների համար  դասընթացներն ավելի նեղ մասնագիտական են»,- ասում է Տաթև Ղազարյանը։ Դասընթացների կազմակերպող ընկերության ղեկավարը մեկ օրինաչափություն է նկատել՝ ծնողները կամ երեխաները զգուշությամբ են մոտենում ճարտարապետությանը, որպես հիմնական մասնագիտություն ընտրելու հարցին։ Բայց իր փորձով է ասում՝ Հայաստանում լավ ճարտարապետն առանց գործի չի մնա։ Իսկ այս մասնագիտությամբ աշխատելու համար մարդը մի քանի որակներ պետք է ունենա։ «Պետք է սիրես մարդուն, որովհետև էն ամեն ինչը, որ դու սարքում ես, սարքում ես մարդու համար, պետք է գնահատես մարդու կյանքի որակը և պետք է սիրես քեզ շրջապատող միջավայրը»,- ասում է Տաթև Ղազարյանը։ Ամառային դպրոցը մեկ ամսով է։