Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուսինե Սահակյանի պայուսակը ցանկանում էին խուզարկել (տեսանյութ)

Հասարակություն
dat-1

Վերաքննիչ դատարանում փաստաբան Լուսինե Սահակյանը թույլ չի տալիս խուզարկել իր պայուսակը:  Արդյունքում նրան թույլ չեն տալիս  մասնակցել դատական նիստին:    «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստն այնուամենայնիվ  սկսվեց առանց պաշտպանների: Արմեն Միքայելյանը տեղեկացրեց, որ առանց նրանց  չի ցանկանում նիստին մասնակցել:  Նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 14-ը՝  պաշտպանների ներկայությունն ապահովվելու համար. «Սա առավել անտրամաբանական որոշում է,  ճիշտն ասած: Նույնիսկ ծիծաղելի, որովհետեւ, եթե փաստաբանները կանգնած են դատարանում, ուղղակի կարգադրիչներին պետք է ասեին, որ նրանք անօրինականություն չանեին եւ թույլ տային, որ փաստաբանները մուտք գործեին դատարանի դահլիճ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Պաշտպանները պահանջում են արդարացնել   Արմեն Միքայելյանին, որը 1 տարվա ազատազրկման է դատապարտված՝  2016թ հուլիսյան դեպքերի ժամանակ  ապօրինի զենք կրելու համար.   «Որեւէ ապացույց չկա եւ չի կարող լինել առ այն, որ Արմեն Միքայելյանը հնարավոր է ապօրինի զենք պահած լինի եւ քրեական գործի ապացույցներն էլ աղաղակում են այդ մասին»,- ավելացրեց Երվանդ Վարոսյանը: Ըստ ոստիկանության,  Արմեն Միքայելյանի մոտից  խուզարկությամբ հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված  7   փամփուշտով։    Երվանդ Վարոսյանը մեկ այլ խնդիր էլ է տեսնում՝  Արմեն Միքայելյանի մատնահետքերը հատուկ ընթացակարգով չեն վերցվել: «Բազմաթիվ են գործերը, երբ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցները չեն դրվել օրենքի հիմքում: Մինչդեռ, Արմեն Միքայելյանի պարագայում այլ է, անհայտ ծագման դակտո ժապավեն է կցված քրեական գործին։  Դատախազը ճառում, իսկ դատավորը վճռում ասում են, որ իրենց հավաստմամբ, դա Արմեն Միքայելյանի մատնահետքերն են եւ կայացնում են դատավճիռ, սա աբսուրդի ժանրից է»:    Պաշտպանն այս ամենում քաղաքական ենթատեքստ է տեսնում:    «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ  Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելը եւ  մեղադրանքը խստացնելն էլ  նրա պաշտպանը համարում է քաղաքական որոշում:  Այսօր Վերաքննիչ դատարանում դռնփակ  լսվում էր Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը 5-րդ անգամ երկարացնելու հարցը։ «Քաղաքական բռնի հետապնդման շարունակությունն է, Անդրիասին անկոմպրոմիս  ցանկանում են փակի տակ պահել: Այդպիսի մարդ հավանաբար պետք չէ, պետք չէ մարդ, ով փաստարկված է խոսում»,- ասում է պաշտպան Կարեն Մեժլումյանը: Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին ՊՊԾ գունդ մտնելու մտադրություն ունենալու, զենքի տիրանալու և պատանդներ վերցնելու մեջ։  Անդրիաս Ղուկասյանը հրաժարվել էր դատական նիստին մասնակցել. «Մի կողմից իմաստ չի տեսնում, մյուս կողմից՝ այլ կարեւոր գործեր կան: Քանի որ նախաքննության ավարտ է հայտարարվել, ստացել է եւ ցանկանում է երկար ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալուն»,-ավելացրեց պաշտպանը:     Գործով դատական նիստը կշարունակվի հունիսի 21-ին: