Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սխալ է ադրբեջանցիներին ոչխար անվանել» (տեսանյութ)

Քաղաքականություն
ass-1

Ադրբեջանը Արցախի հետ սահմանին իրավիճակը էսկալացնում է, երբ անհրաժեշտ է ինչ-որ բանից շեղել հանրային ուշադրությունը. «Իրենց մոտ տնտեսական լուրջ խնդիրներ կան, նավթի գները նվազել են, խոշորագույն բանկերից մեկն է սնանկացել, և սահմանին իրավիճակը սրում են», ֊ասում է Ռազմինֆո կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նման սրացումներ միշտ էլ սպասելի է, հայկական կողմերը պետք է միշտ պատրաստ լինեն ռազմական գործողությունների վերսկսման։ Տարոն Հովհաննիսյանը սխալ է համարում այն, որ Հայաստանում ադրբեջանցիներին «ոչխար» են համարում, հայտարարում, թե ամեն պահի կարելի է հասնել Բաքու. «Այդպիսի տեսակետներ հնչում են նաև Ադրբեջանից, թե կարող են հաղթել պատերազմում։ Բայց իրավիճակն այն է, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը վերահսկվում է հայկական կողմից, և հավասարակշռությունը ևս պահպանված է», ֊ասում է փորձագետը։ Գարիկ Հարությունյանի վստահեցմամբ՝ հայկական կողմը միշտ էլ պատասխանում է Ադրբեջանի ռազմական գործողություններին. «Թեև դրանց մասին ոչ միշտ է հայտարարվում»։ Փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանին Հայաստանում թերագնահատելու և գերագնահատելու միտում կա. «Իրենք ոչխար չեն, իրենք կրթվում են, զինվում են, այս պարագայում մենք պետք է զարգանանք։ Սա է միակ ճանապարհը», ֊հավելեց Տարոն Հովհաննիսյանը։ Ռազմական գործողությունները միշտ են անսպասելիորեն սկսվում, և դժվար է կանխատեսել՝ արդյո՞ք փոքրիկ էսկալացիաները կվերաճեն լայնածավալ պատերազմի։