Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրիաս Ղուկասյանին թույլ չեն տալիս խոսել վատառողջ հոր հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Andrias-Xukasyan

«ՌադիոՀայ»-ի հիմնադիր Անդրիաս Ղուկասյանի կալանավորումն էականորեն ազդել է ընկերության աշխատանքի վրա։ «Հետապնդումներից ոչ միայն Անդրիասն է տուժում, այլ տուժում է ռադիոկայանի ամբողջ գործունեությունը։ Շատ լուրջ մեղադրանքներ են ներկայացված տնօրենին, իհարկե դա իր հետևանքները պետք է ունենա ամբողջ գործունեության վրա»,- «Ա1+»-ին հետ զրույցում ասում է նրա կինը՝ Անահիտ Թարխանյանը։ Ամուսնու բացակայության ժամանակ լրատվամիջոցի աշխատանքները Անահիտ Թարխանյանն է համակարգում։ Անդրիաս Ղուկասյանի ընդդիմադիր գործունեությունն ու ազատազրկումը դարձել են ֆինանսական կորուստների պատճառ։ «Գուցե մարդիկ այդքան բացահայտ չեն ասում, բայց գրեթե 30% գովազդի ծավալը իջել է, հովանավորչական ծրագրերը նույնպես»։ Խաթարվել է նաև է նաև ընտանեկան կյանքը։ Դժվար անցան հատկապես կալանավորման առաջին երկու ամիսները, երբ տեսակցության արգելանք կար։ Որդու կալանավորումը դարձել է Անդրիասի հոր առողջականի վատթարացման պատճառ։ Անահիտ Թարխանյանը պատմում է. «Որովհետև եթե ես, երեխան, Անդրիասի մայրը կարող ենք տեսնել, հայրը, ով Անդրիասի ձերբակալումից հետո վատացավ, և անկողնային պառկած է արդեն 1 ամիս, չեն թողնում, որ ինքը գնա Նուբարաշեն և հանդիպի Անդրիասի հետ։ Մենք խնդրեցինք, որ ինքը երկու շաբաթը մեկ ոստիկանի ներկայությամբ զանգի հորը, կարողանա հետը խոսել, դա էլ են արգելում»։  Անահիտ Թարխանյանը վստահ է՝ ամուսնու ու ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդման արդյունք է սա։ Անդրիաս Ղուկասյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է ու շուտով նյութերը կտրամադրվի փաստաբանին։ Նրա գործն անջատվել է այլ ընդդիմադիրների գործից, բայց արդեն ծանրացված մեղադրանքներով։ «Որևէ նոր ցուցմունքներ, որևէ նոր տվյալներ չն ավելացել, այսինքն՝ նույն ցուցմունքներն են, նույն փաստերն են։ Եվ այդ նույն փաստերի հիման վրա նոր մեղադրանքներ, մեզ համար զարմանալի են։ Հիմա եթե Անդրիասը առանձնացվում է այդ գործից, բայց նույն մեղադրանքը մնում է, ինչպես է՝ ինքը Անդրանիկի նման, սուրը ձեռքին մասսայական անկարգություննե՞ր է կազմակերպել»։ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է հուլիսի 29-ին ՊՊԾ գունդ մտնելու մտադրություն ունենալու, զենքի տիրանալու և պատանդներ վերցնելու մեջ։ «Որտեղի՞ց են դա պարզել, թե ինչ է Անդրիասի մտքում, նոր սարքավորումներ ու սքաներնե՞ր կան, որոնք կարող են հասկանալ, թե մենք ինչի մասին ենք մտածում։ Եթե դա տխուր չլիներ, կլիներ ծիծաղելի, հետապնդումները շարունակվում են»։ Անդրիաս Ղուկասյանը Նուբարաշենի կալանավայրում է պահվում։ Իրավական գործընթացների արդյունքում կորոշվի՝ արդյո՞ք նա ազատության մեջ կհայտնվի, ընդդիմադիր գործիչը ժամանակն իզուր չի անցկացնում։ Անահիտ Թարխանյանն պատմում է. «Ասում է ես օրական մինչև 10 կիլոմետր այդ 3 մետրի մեջ քայլում եմասում եմ ոնց ես քայլում, ասում է՝ 3 մետր մի ուղղությամբ, 3՝ մյուս։ Հետո նստում աշխատում է, շատ մեծ գործ է անում Անդրիասը, Հայաստանի տնտեսական ճգնաժամից դուրս գալու ծրագիրն է գրում»։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ-կիբերնետիկ է։ Անդրիաս Ղուկասյանի գործը Եվրադատարանում քննվում է արագացված ռեժիմով։ Բողոքը անօրինական կալանավորմանն է վերաբերում։ Ընտանիքը հույս ունի, որ գոնե Եվրոպական ատյանի որոշումը նրա ազատություն կբերի։