Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրավապահ համակարգը չպետք է ծառայի էլիտայի շահերին. ԵՄ դեսպանի սուր ուղերձները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
svitalski1

ԵԽ կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» վերտառությամբ համաժողովին ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բավականին սուր ելույթ ունեցավ. «ԸՕ-ն ամբողջ աշխարհում, այդ թվում` ՀՀ-ում իշխող կուսակցությունը փորձում է ծառայեցնել իր շահերին։ Սակայն աշխարհում ԸՕ-ն չի դառնում բաժանող խնդիր, նույնն էլ կցանկանայի, որ ՀՀ-ում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք ԸՕ-ն. ինչպես ընտրությունները ցույց տվեցին` այն բարելավելու տեղ ունի։ Հայերի համար կարեւոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարեւոր է ԿԸՀ-ն։ Ի մ բարձր գնահատականը կա ԿԸՀ հանդեպ, սակայն այն պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքը ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ կազմը պետք է ընդլայնվի ու ներառի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդը` մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնեք արժանահավատ։ Եթե ԿԸՀ-ն ուզում է, որ հանրային կարծիքը վստահի նրան, ապա պետք է ունենա արժանահավատ գործող մարմին»:  Նա անդրադարձավ նաև իրավապահ համակարգին` որոշակի քննադատությամբ. «Եթե իրավապահ մարմինները չեն դիտվում անկախ ու չեզոք, ապա երբեք չենք կարողանալու համոզել հանրությանը, որ ի շահ իրենց են գործում։ Իրավապահ համակարգը, ճիշտ է, պետության մի մասը լինելով, չպետք է ընկալվի քաղաքական էլիտայի շահերին ծառայող։ Հանրային ընկալումները պետք է փոխել»։  Ըստ դեսպանի` ընտրատեղամասերում ընտրությունները արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնենք, թե դրսում ինչ է եղել։ Մենք տեղյակ ենք ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների դեպքերի, ուղղորդելու մասին։ Կար անգամ նկար, որտեղ բուժհաստատություններում բժիշկներն էին քվեարկում հիվանդների փոխարեն։ Միգուցե դրանք փոքր երևույթներ են, սակայն ազդող են։ Լրատվամիջոցները հրապարակումներ արեցին, թե բարոյական ինչպիսի ճգնաժամ կա դպրոցներում, փող բաժանելու դեպքեր, մարդիկ ծեծի են ենթարկվել, ընդհանրապես` խայտառակ դեպքեր։ Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։ Երբեմն բարդություններ կան, որոնք պետք է քրեական գործում բացահայտվեն, սակայն այս փաստերը ակնհայտ են, ու կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ դրանք վերանան»։ Պյոտր Սվիտալսկին իր խոսքն ավարտեց հետեւյալ կերպ. «Հայերը կարիք ունեն խորը ժողովրդավարության, հայերը գենետիկորեն ուզում են ազատություն, ու բավականին քաջ են` պայքարելու իրենց ազատության համար։ Ես լավատես եմ ՀՀ ապագայի համար. ժողովրդավարությունն այստեղ հասունանալու է, ու ՀՀ-ն ունենալու է արդյունավետ գործող ընտրական համակարգ»:  Նրա ելույթից հետո խոսեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նրա ելույթը ընդհանուր շեշտադրումներով էր։ Պյոտր Սվիտալսկին քիչ անց լքեց դահլիճը։