Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին. Հենրիխ Մխիթարյան

Սպորտ
sport-henrix

Այսօր Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց են ներկայացնելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների եւ երազանքների մասին: Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին: Ահա այդ հարցերից մի քանիսը. Հարց. Վերջին մի քանի տարվա մեջ թե՛ Երեւանում, թե՛ Հայաստանի տարբեր համայնքներում, իրականացվել են հետազոտություններ, համաձայն որոնց երեխաների արյան եւ մազերի մեջ հայտնաբերվել են կապարի եւ այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տարատեսակ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի: Ընդ որում հիմնական պատճառը հանքարդյունաբերությունն է, օդի, ջրի եւ հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին եւ կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լուծումներ գտնվեն թե՛ երեխաների, եւ թե՛ ողջ Հայաստանի համար: Պատասխան. – Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաեւ մենք, փորձում ենք օգնել նման երեխաներին, որպեսզի նրանք առողջ մեծանան եւ հասնեն իրենց երազանքներին եւ նպատակներին: Հարց.  Հենրիխ, տարբեր երկրներում ես ապրել: Արդյո՞ք համեմատել ես Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքը։ Ի՞նչ առավելություն ունեն Հայաստանում ապրող երեխաները՝ քո ապրած երկրներում բնակվող երեխաներից։ Պատասխան.  Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, եւ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ եւ երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում: Հարց.  Եթե հիմա երեխա լինեիք, ի՞նչ կուզեիք փոխել Հայաստանում։ Պատասխան.  Կուզեի շատ բաներ փոխել, բայց այն, ինչ կա Հայաստանում, բավարար է երեխաների համար, չնայած, դեռ առաջընթացի շատ տեղ կա: Կարծում եմ, ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն: Հարց.  ԱՄՆ-ում անչափահաս երեխան կարող է դատի տալ ծնողին որեւէ արարքի համար: Արդյո՞ք դա խելամիտ օրենք է եւ արժե այն տարածել այլ երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում: Պատասխան.  Ճիշտ չեմ համարում, որ երեխան դատի է տալիս ծնողին, որովհետեւ ծնողն է լույս աշխարհ բերում երեխային, փորձում ուղղություն ցույց տալ նրան կյանքում: Երեխան ցանկացած դեպքում իրավունք չունի դատի տալ ծնողին կամ ձեռք բարձրացնել նրա վրա, որովհետեւ նրանք մեր սրբությունն են եւ առանց նրանց մենք այս կյանքում անելիք չունենք: Հարց. Շփվելով Հայաստանի երեխաների հետ, ի՞նչ կարծիք ունենք մեր ապագա սերնդի մասին: Պատասխան. Լավ կարծիք ունեմ: Բոլորը գիտեն, որ Հայաստանը մի երկիր է, որը շատ տաղանդներ է տալիս: Մենք շատ խելացի երեխաներ ունենք, ուստի պետք է փորձենք ամեն ինչ ստեցծենք նրանց համար, որպեսզի կարողանան բացահայտեն իրենց տաղանդը եւ դառնան պետքական մարդ երկրի համար: