Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծիրանն ու խաղողը վատ վիճակում են. ինչ պետք է անի կառավարությունը (տեսանյութ)

Տնտեսություն
berberyan

Մեկ օր առաջ տեղացած կարկուտից հետո Արմավիրի մարզի 10 գյուղ կարելի է համարել աղետի գոտի. կարծում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ նրա` այդ գյուղերում 100 տոկոսով վնասվել է միրգն ու բանջարեղենը. «Կառավարությունը պետք է ինչ-որ բան անի, բայց ոչ թե պետք է ջրի վարձը փոխհատուցի կամ էլ վարկերի մարման ժամկետը երկարացնի, այլ վարկերը լրիվ սառեցնի, կամ ֆինանսական փոխհատուցում տա: էդ վարկերը երկարացնում են, ավելի շատ են թաղում մարդկանց վարկի մեջ»։ Խոսելով այս տարվա բերքի անկման մասին` Բերբերյանը նշեց, որ շուրջ 40 տոկոս բերքի անկում ունենք, ինչի հետ կապված էլ թանկացումներ կլինեն. «Շուկայում արդեն իսկ կան թանկացումներ, օրինակ` կարտոֆիլն այս տարի երկու անգամ ավելի թանկ է, քան նախորդ տարի: Ծիրանն ու խաղողն են վատ վիճակում: Կտեսնեք, թե քանի այգի է պակասելու այս տարի, քանի որ գյուղացին դրանց արդյունավետությունը չի տեսնում. նախորդ տարվա խաղողի մթերումից ընկերությունները դեռ պարտքեր ունեն գյուղացուն տալու»,- ասաց նա` հավելելով, թե զարմանալի է` ինչու գյուղնախարարությունը դատի չի տալիս այդ ընկերություններին: Նրա հավաստմամբ` նախորդ տարի գյուղացու ոչ մի խնդիր չի լուծվել, իսկ այս տարի ավելի վատ վիճակ է լինելու` դիզվառելիքի խնդիր ունենք, 5 անգամ պակաս պարարտանյութ է մտել հանրապետություն: