Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանի շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել. Արա Զոհրաբյան

Քաղաքականություն
data

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԶՆՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում և ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում փաստաբաններին զննելու հետ կապված միջադեպերի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հարկ է համարում ներկայացնել հետևյալ դիրքորոշումը՝

  1. 1.   Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը կամ փաստաբանի իրը զննության ենթարկվել:
Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնող մարմինը դատարանն է: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի III սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբաններըպետք է հարգեն դատական իշխանությանը և իրենց պարտականությունները դատարանի առջև իրականացնեն այն ձևով, որպեսզի այն համապատասխանի ներքին իրավական և այլ կանոններին և մասնագիտական չափանիշներին (ստանդարտներին): Իրենց մասնագիտական պարտականությունների կատարումից փաստաբանների ցանկացածշեղումը պետք է արվի այնպիսի ձևով, որպեսզի խուսափեն վստահորդների և իրենց ծառայությունների կարիքն ունեցող այլ անձանց շահերին վնաս պատճառելուց: ՀՀ դատական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն, դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը և դատարանի տարածքի պահպանումը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից ապահովում է դատական կարգադրիչը:  ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ դատական կարգադրիչն իր գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը: Վերը նշված նորմերից հետևում է, որ դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը և փաստաբանի իրը կարող է զննության ենթարկվել:
  1. 2.    Կարելի՞ է արդյոք փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին 25.10.2000թ. №Rec(2000)21  հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո: Նույն սկզբունքի 4-րդ կետի համաձայն՝ փաստաբանները չպետք է տուժեն հետևանքներից կամ ենթարկվեն ցանկացած պատժամիջոցների կամ ճնշումների վտանգի, երբ գործում են իրենց մասնագիտական չափանիշներին համապատասխան: ՄԱԿ-ի կողմից 1990թ. ընդունված Փաստաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքներ-ի 16-րդ կետի ա ենթակետի համաձայն՝ կառավարություններն ապահովում են, որպեսզի փաստաբանները կարողանան իրենցմասնագիտական բոլոր պարտականությունները կատարել սպառնալիքներից, խոչընդոտներից, ահաբեկումից կամանարդարացի միջամտությունից զերծ մթնոլորտում: ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով դատական կարգադրիչին տրված է իրավունք զննության ենթարկելու դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող ցանկացած անձի: Այս պարագայում, երբ դատական կարգադրիչը տարբերակված մոտեցում է ցուցաբերում փաստաբանի նկատմամբ, այսինքն՝ նրան հրապարակային կարգով զննության է ենթարկում, իսկ փաստաբանի դատավարական մրցակցին՝ մեղադրողին զննության չի ենթարկում, ապա խախտվում է փաստաբանի՝ վերոհիշյալ կանոններով երաշխավորված առանց խտրականության և առանց ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու ազատությունը: Նման տարբերակված մոտեցման փաստ արձանագրվելու դեպքում փաստաբանների՝  զննության չենթարկվելու դիրքորոշումն իրավաչափ է: Վերը նշվածից հետևում է, որ  անթույլատրելի է փաստաբանին կամ փաստաբանի իրը զննության ենթարկելիս խտրական մոտեցում ցուցաբերել:  
  1. 3.   Կարո՞ղ է արդյոք դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը խուզարկվել:
Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ …չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս: Դատարանի վարչական շենք մուտք գործելիս փաստաբանը չի կարող խուզարկության ենթարկվել:  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան Հ. Գ. Հիշեցնենք՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում արտագնա կարգով ընթացող՝ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ երեկ դատական կարգադրիչները ցանկանում էին ստուգել պաշտպանների պայուսակներն ու նրանց անձնական խուզարկության ենթարկել։