Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ պատերազմը մոտենում է վավերագրողներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
war

«Ոչ թե ես գնացի առաջնագիծ, այլ առաջնագիծն եկավ ինձ մոտ»,- հիշում է ռեժիսոր Նիկոլայ Դավթյանը։ Հեռուստատեսային ռեժիսոր և իրական պատերազմ. իրար հետ որևէ ընդհանուր բան չունեցող այս հասկացությունները խաչվեցին 1991-ին Արցախյան պատերազմում։ Նիկոլայ Դավթյանը պատերազմն սկսեց վավերագրել, երբ Լեռնային Ղարաբաղի Մարզային հեռուստատեսության գլխավոր ռեժիսորն էր։  «Առաջնագիծը կամաց-կամաց սկսեց հեռվից մոտենալ,  սկզբից Շուշիից, հետո՝ Մալիբեյլիից։ Դե չլուսաբանել դա, մենք չէինք կարող»,- ասում է նա։ Մինչ 1992 թվականը՝ Արցախի հեռուստատեսության շենքի պայթեցումը, Նիկոլայ Դավթյանն ու աշխատակիցները ամենշաբաթյա ռեժիմով ֆիլմեր էին պատրաստում ռազմական գործողության մասին։ Նիկոլայ Դավթյանը պատմում է. «Գնացինք Ալի Բայրամլի, մի ջոկատ ստեղծվեց, որը գնում էր զոհված տղաների թշնամու տարածքից հանել բերել։ Նալբանդյան Գնելի հետ, իրենց հետ գնացինք դիակները բերեցինք։ Հետաքրքիր ֆիլմ էր»։ «Նրանք նկարում էին պատերազմը, 1991-1994 թվականներ» գրքի կազմողներից Անահիտ Հարությունյանը այդ օրերի աշխատանքի մասին ասում է. «Մեր կինոգործիչների, օպերատորների, ռեժիսորների մեջ գտնվում էին այնպիսի խիզախ մարդիկ, որոնք պարտավոր չէին, ոչ ոք նրանց չէր էլ հանձնարարում գնալ նկարել, էդպիսի պատասխանատվություն նրանք չունեին, բայց ունեին ուրիշ պատասխանատվություն՝ մասնագիտական՝ հայրենիքի նկատմամբ»։ Արցախում պատերազմական գործողությունների, առանցքային դեպքերի մասին գիտեն գրեթե բոլորը։ Սակայն քչերին են հայտնի պատերազմը վավերագրողները։ Պատերազմի ականատես մեդիաոլորտի աշխատողների պատերազմի մասին պատմությունները Ռուզան Բագրատունյանն ու Անահիտ Հարությունյանը  «Նրանք նկարում էին պատերազմը, 1991-1994 թվականներ» գրքի էջերին են հանձնել։  «Մի ընդհանրական հատկություն մենք հայտնաբերեցինք բոլորի մեջ։ Բոլորն ախտիր շատ համեստ էին, իրենք իրենց արած գործի մասին այնպես էին խոսում, ինչպես շատ սովորական բանի մասին, որ այդպես էլ պիտի լիներ, այլ կերպ հնարավոր չէր։ Եվ այդ հատկությունը նրանց շատ է զարդարում»,- ասում է Անահիտ Հարությունյանը։ Միայն հիմարը չի վախենում փամփուշտից` անկեղծանում է։ Պատերազմը նաև սովորեցնում է՝ չես կարող խուսափել քեզ համար նախատեսված գնդակից՝ ինչ էլ որ անես։ Նիկոլայ Դավթյանը հիշում է Շահումյանում կատարված դեպքը, երբ հանդիպել էր ոչ իր համար նախատեսված փամփուշտների։  «Մի անգամ ուղղաթիռն եկավ, բոլորից շատ էդ ժամանակ եմ վախեցել, երբ որ սկսեց մեզ վրա կրակել, այ էսքան քար էի ման գալիս, որ մտնեի, գլուխս տակը դնեի, փառք Աստծո լավ անցավ»։ Նիկոլայ Դավթյանը չի թաքցնում՝ հաճախ է դեմ գնացել մասնագիտության սահմանած վետոներին։ Տեսախցիկը մի ձեռքին էր, հրազենը՝ մյուս։  «Չէիր կարող զենք չվերցնեիր, ես որ միշտ զենքով եմ եղել, որովհետև մեր հիմնական նկարողը օպերատորն էր, ես՝ իր մեջքն էի, ես պիտի հետևեի, որ իրեն ոչ մի բան չլինի։ Զենք էր ձեռքս, լարված էր և փամփուշտն էլ մեջն էր»։ «Նրանք նկարում էին պատերազմը, 1991-1994 թվականներ» գրքի շնորհանդեսը նախատեսված է հունիսի 29-ին։