Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԻՀԿ առաջարկների մի մասն ընդունվել է

Քաղաքականություն
transparency

Ս․ թ․ հունիսի 9-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ազդարարների պաշտպանության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերը և դրանց կից փաթեթը: Օրինագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկների քննարկման նպատակով հունիսի 2-ի և  5-ին ԹԻՀԿ ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպումներ են ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի, նախագծերի համահեղինակ, պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի և «ԵԼՔ» խմբակցության հետ։ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ԹԻՀԿ առաջարկություններից 7-ն ընդունվել են ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի։ Առաջարկությունները հիմնականում վերաբերել են ազդարարի և ազդարարման ինստիտուտի սահմանմանը, ազդարարի և նրան փոխկապակցված անձանց իրավական պաշտպանվածության երաշխավորմանը, ազդարարի նկատմամբ վնասակար գործողության դեպքում իրավական պատասխանատվության  խստացման  և այլ  հարցերին։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծի և կից փաթեթի վերաբերյալ, որով կարգավորվում են հանձնաժողովի, որպես  ինքնավար պետական մարմնի, կազմավորման և գործունեության կարգը, գործառույթներն ու լիազորությունների շրջանակը, ԹԻՀԿ-ը ներկայացրել է շուրջ 50 առաջարկություն, որից 10-ն ընդունվել է օրինագծի հեղինակների կողմից։ ԱԺ կողմից ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում ստեղծվել են նաև իրավական հիմքեր և նախադրյալներ հանրային ծառայողների շահերի հայտարարագրման և շահերի բախման իրավիճակների կառավարման իրավական կարգավորման համար, որոնց իրականացման մեխանիզմներն ու իրավական երաշխիքները, սակայն, պետք է մշակվեն և ԱԺ կողմից հաստատվեն առաջիկա ամիսների ընթացքում ՝  ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 10-ից լիարժեք գործունեությունը: Դրանց վերաբերյալ ԹԻՀԿ-ը նույնպես ներկայացրել է առաջարկություններ, որոնք քննարկվել են հանդիպումների ընթացքում և ժամանակավորապես առկախվել՝ նկատի ունենալով, որ հանրային ծառայողների շահերի բախման իրավական կարգավորումներին կառավարությունն անդրադառնալու է առաջիկա ամիսների ընթացքում: ԹԻՀԿ