Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղարծինի ճանապարհը հիմնանորոգվել է (տեսանյութ)

Հասարակություն
haxarcin

Տավուշի մարզի Հաղարծին համայնքով անցնող միջպետական ավտոճանապարհի շուրջ 5 կմ հատվածի  երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են։ Ընդամենը մեկ ամսվա ընթացքում գրեթե անանցանելի ճանապարհը հիմնովին նորոգված է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ում անմիջական հսկողությամբ էին կատարվում աշխատանքները, հերթական անգամ այցելեց այս ճանապարհահատված, աշխատանքների արդյունքին տեղում ծանոթանալու նպատակով։ Նախարարը գոհ էր շինարարների աշխատանքից. «Աշխատանքը շատ բարձր որակով է կատարվել։ Մեկ ամիս առաջ այս ճանապարհը շատ վատ վիճակում էր, լրատվամիջոցները և համացանցային տիրույթը հեղեղված էին ճանապարհի լուսանկարներով։ Այսօր տեսանելի է կատարված աշխատանքը։ Մնացած գնահատականը կարող է ժողովուրդը տալ»,- նշեց Վահան Մարտիրոսյանը։ Միջպետական մայրուղու այս հատվածում փոսալցման աշխատանքների ծավալներն այնքան մեծ էին, որ գերազանցում էին 18 տոկոսը, այն դեպքում, որ 2,5 տոկոսից ավելի չպետք է լիներ։ Այդ պատճառով որոշում կայացվեց ճանապարհի 4,8 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգել։ Ընտրվեց հիմնանորոգման ռեսակլերով եղանակը։ Ջրահեռացման աշխատանքների ավարտից հետո սառը մշակման եղանակով ամրացվեց հիմքը։ Դրանից հետո տեղադրվեց 5 սմ հաստությամբ  ներքին խոշորահատիկ ասֆալտի շերտը, ապա՝ 4 սմ հաստությամբ վերին մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկը։ Ներկայում վերանորոգվում են արգելափակոցները, լցվում և խտացվում են կողնակները։ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն ընդգծեց, որ դրանց ավարտից հետո առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն ճանապարհային նշանները և կկատարվեն նշագծումները։ Ճանապարհը որակով և կարճ ժամկետում հիմնանորոգվել է երեք կազմակերպությունների համատեղ և արդյունավետ աշխատանքի արդյունքում։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն