Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սա Ավարայրի ճակատամարտը չէր. իրանագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
ass

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ «Մերձավորարևելյան ցնցումներ. հին մրցակցություն և նոր մարտահրավերներ» խորագրով փորձագիտական քննարկումը: Հիմնականում անդրադարձ եղավ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի նորագույն զարգացումներին` Քաթարի ճգնաժամ, Իրանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչություն, Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարի վերջին դրսևորումները։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց` այս օրերին Իրանի ներսում քաղաքական որոշակի տեղաշարժեր են տեղի ունենում. «Իրանցիները ոչ միայն կարողացան հաջողությամբ կարգավորել ստեղծված իրավիճակը, այլեւ լուծել ահաբեկչության խնդիրը։ Իրանի ներսում համախմբում կա. իրանցիները տիրապետում են իրավիճակին։ Իրանն այնքան շատ խնդիրներ ունի, որ այս ահաբեկչությունն ընդամենը ընթացիկ մի բան էր, որի վրա շատ չեն կենտրոնանում...Այսպես ասենք` սա Ավարայրի ճակատամարտը չէր»: Ըստ նրա` Իրանը մեր ամենավստահելի գործընկերն է` բոլոր չորս հարեւանների շրջանում. «Երբեւէ խնդիր չի եղել Իրանի հետ, նաեւ քաղաքական հարաբերություններում չեն եղել խնդիրներ. անգամ ամենաճգնաժամային իրավիճակում երկու երկրները կարողացել են արագ լուծել խնդիրը։ Բնականաբար, այս երկրում ահաբեկչական յուրաքանչյուր գործողություն վատ է մեր երկրի համար։ Լրացուցիչ զգոնությունը մեզ չէր խանգարի, սակայն ավելորդ խուճապն ավելորդ է, թե ահաբեկչությունը մոտեցել է մեր սահմաններին. այն միշտ մոտ է եղել մեր սահմաններին։ Անվտանգության մարմինները աչալրջության մակարդակը որոշակի պետք է բարձրացնեն, սակայն անտեսանելի տիրույթում, որպեսզի ավելորդ խուճապ չլինի»: Արդյոք ՀՀ-ն կդիտարկվի որպես թիրախ` ահաբեկչության տեսանկյունից, Վարդան Ոսկանյանի կարծիքով` մենք բարեկամական հարաբերություններ ենք պահպանում​ նաեւ Բաշար Ասադի հետ` հումանիտար օգնություն մեր կողմից լինում է. «Սա լրացուցիչ ռիսկ բերում է, սակայն այդ ռիսկերը կառավարելի են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա ինչքան Իրանում իրավիճակը վատ լինի, այնքան ձեռնտու է Ադրբեջանին»։ Արաբագետ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով Կատարի դեպքերին, նշեց, որ այն տարածաշրջանում փաստացի ստեղծեց նոր իրավիճակ` տրոհվեց հակաահաբեկչական կոալիցիան. «Ինչ վերաբերում է մեր երկրին, ապա մեզ համար կարեւոր է Մերձավոր Արևելքի հատվածը, որի հետ փորձում ենք հարաբերություններ զարգացնել։ Մեզնից պահանջվում է ակնդետ հետեւել գործընթացներին ու իրավիճակային քայլեր, հետեւություններ անել ու մանեւրել»: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանն իր խոսքում նշեց, որ ՀՀ շահագրգիռ է տարածաշրջանի կայունությամբ, քանի որ մենք հստակ խնդիր ունենք կոմունիկացիաների մատչելիության առումով. «Ի պատիվ մեր երկրի, մեր կողմից Իրանի վերջին իրադարձությունների հետ կապված անհրաժեշտ ուշադրություն դրսեւորվեց մեր կողմից ու ճիշտ արձագանք եղավ։Մեր անվտանգությունը պետք է ուշադիր լինի ու հույսը չդնի ռուսների վրա»: Նա նաեւ մի նկատառում արեց` այս ամենի արդյունքում նավթի` համաշխարհային գները որեւէ փոփոխության չենթարկվեցին, թեեւ կանխատեսվում էր կատաստրոֆա։