Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնահատականները հիմնավոր են և օբյեկտիվ՝ ՄԻՊ-ի արձագանքը՝ ԱՆ ՔԿՎ-ին

Պաշտոնական
mip-nkar

Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը՝ արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված փաստերի և գնահատականների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պարզաբանմանը Մարդու իրավունքների պաշտպանն իր գործունեության ընթացքում մշտապես կարևորում է պետական մարմինների, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության և հատկապես՝ Քրեակատարողական վարչության հետ համագործակցությունը մարդու իրավունքների և ազատությունների պահպանման գործում: Ինչպես նշված է «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ»  զեկույցում. «Այդ համագործակցությունը հատկապես կարևորվում է ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի հարցերի դեպքում: Այստեղ է, որ հայտնաբերված ցանկացած խնդիր պահանջում է արագ արձագանք իրավասու մարմնի կողմից»: Գործելով բացառապես ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի շրջանակներում՝ Մարդու իրավունքների պաշտպանն առաջնորդվում է ցանկացած խնդիր համակողմանի և օբյեկտիվ դիտարկելու և բացառապես մասնագիտական իրավական վերլուծության վրա հիմնված գնահատականներ և առաջարկություններ ներկայացնելու սկզբունքով: Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հիմնարար սկզբունքներից է հետևողականությունն իրավունքի խախտումների արձանագրման և վերհանման հարցում: Այս առումով, Զեկույցում տեղ գտած գնահատականները հիմնավոր են և օբյեկտիվ: Զեկույցի հիմքում ընկած են նաև իրավասու մարմնի ներկայացրած պարզաբանումներն ու տեղեկությունները, առկա խնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկվող քայլերը:   Անդրադառնալով Քրեակատարողական վարչության առանձին պարզաբանումներին՝ հարկ ենք համարում նշել հետևյալը: Ամեն պարագայում ընդունելի չեն խցակիցների միջոցով ազատությունից զրկված անձանց խնամքի կազմակերպման վերաբերյալ Քրեակատարողական վարչության փաստարկները: Խցակցի կողմից խնամվելու վերաբերյալ անձի ցանկությունը կամ համաձայնությունը բավարար չէ վերջինիս խնամքի ապահովման տեսանկյունից պետության պոզիտիվ պարտականությունը պատշաճ կատարված համարելու համար: Միջազգային իրավաբանության, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի չափանիշների համաձայն՝ հատուկ կարիքներ ունեցող ազատազրկված անձի խնամքի համար պատասխանատվության զգալի բեռը չի կարող բաշխվել պատշաճ որակավորում չունեցող մեկ այլ ազատազրկված անձի վրա: Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները՝ Զեկույցում արտահայտվել է իրավական դիրքորոշում այն մասին, որ պետությունը պարտավոր է ապահովել հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից: Խցակցի կողմից ազատությունից զրկված անձի խնամքի ապահովման առումով շեշտադրվել է, որ այն ինքնին կարող է խնդրահարույց չլինել, եթե խնամքն իրականացվում է անազատության մեջ պահվող այնպիսի անձի կողմից, որն ունեցել է համապատասխան վերապատրաստում: Անդրադառնալով Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում ֆիզիոթերապևտիկ ծառայությունների մատուցման հետ կապված դիտարկմանը՝ հարկ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված մի շարք բողոքների ուսումնասիրությունից և ստացված պարզաբանումներից պարզվել է, որ ֆիզիոթերապևտիկ բուժման կարիք ունեցող ազատությունից զրկված անձանց համապատասխան բուժօգնությունը կազմակերպվել է քաղաքացիական բուժական հաստատություններում՝ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում նման ծառայություններ չտրամադրելու պատճառով: Քրեակատարողական ծառայության հնչեցրած մյուս դիտարկումները, այդ թվում՝ Զեկույցում վկայակոչված միջազգային չափանիշների և դրանց իրավական վերլուծության վերաբերյալ, կարող են փարատվել տրված գնահատականներն ու առաջարկությունները Զեկույցում իրականացված ուսումնասիրության մյուս արդյունքների համատեքստում դիտարկելու դեպքում: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով պարզաբանումներում նշված՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումները՝ պատրաստակամ ենք մեր իրավասության շրջանակներում շարունակել համատեղ աշխատանքը՝ առկա խնդիրների լուծման նպատակով:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ