Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնստանտին Օրբելյանը կոնֆլիկտի լուծումը մշակույթի նախարարին է թողնում (տեսանյութ)

Հասարակություն
orbelyan-nkar

«Ես այդպես էլ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ»,- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը գլուխ չի հանում, թե ինչպես երեկ Օպերայում տապալվեց «Գայանե» բալետը։ Նվագախմբի երաժիշտների մի մասը հրաժարվել էր բեմ դուրս գալ։ Այդպիսով նրանք իրենց վերաբերմունքն էին արտահայտել վարչական մասի 10 հոգու կրճատման փաստի նկատմամբ։ «Ինչո՞ւ բոյկոտել» հարցի պատասխանը թատրոնի ղեկավարը չի ստացել նաև այսօր՝ երաժիշտների ու կրճատվածների մասնակցությամբ ժողովի ընթացքում։  «Ամեն մեկն իր անձնական հարցով էր՝ ես այստեղ եմ աշխատում, այնտեղ եմ աշխատում։ Ձեզ համար ամոթ չէ՞, դուք հիսաթափեցրել եք 1000 մարդու, որ եկել էր մեր թատրոն ներկայացում դիտելու»,- ասում է Կոնստանտին Օրբելյանը։ Նա չի պատրաստվում ամեն գնով հարցը լուծել։ Այդ առաքելությունը մշակույթի նախարարին կհանձնի. «Այնտեղ այսօր Ամիրյանն է եղել, թող նա որոշում ընդունի՝ ինչպես հարկ է համարում»։ Օպերայի թատրոնի երկարամյա դիրրիժոր Զավեն Վարդանյանը նվագախմբի բոյկոտը կազմակերպված է համարում։ Գուցե դա աշխատանքից ազատվող 4 տեղակալներն են։ Այդպես է կարծում, քանի որ նվագախումբը բոյկոտի պատճառ չուներ։ «Նրանց ձեռք չեն տալիս, նրանց չեն կրճատում։ Նույնը երգչախումբը, ուրեմն պարզ տրամաբանությամբ սա ուրիշ կողմից է...»։ Դիրիժորը ճիշտ է համարում Օպերայի վարչական 10 աշխատողների կրճատումը։ Զավեն Վարդանյանի կարծիքով՝ Օպերայում վարչական աշխատողների հաստիքները ուռճացված են. «Գիտեք, որ ամբողջ երկիրն է կրճատման գնում, ուրեմն թատրոնը չէր կարող խուսափել դրանից»։ Բոյկոտի թեման այսօր Օպերայում ժողովի ժամանակ է քննարկվել։ Զավեն Վարդանյանը ևս մասնակցել է աշխատանքից ազատվածների ու նվագախմբի անդամների ներկայությամբ հանդիպմանը։ Հարցն այդպես էլ չի հանգուցալուծվել։ Իսկ բոյկոտին ինքը վատ է վերաբերվում. «Հարգանք պետք է ունենալ դեպի ժողովուրդը, որը նստած է։ Նրանք մեղք չունեն, եթե ներսում խնդիրներ կան»։ Օպերայում լրագրողներն այդպես էլ բոյկոտած երաժիշտներից որևէ մեկին չգտան։