Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դերասանը, նկարիչը և այգին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Q1f82iVtzRM

Գորիսի թատրոնի դերասան Սեյրան Մկրտչյանը այգի մտնում է, ինչպես հարազատ թատրոն: Այգին իր սեփականը չէ, հարեւանն է անտեր թողել քաղաքամերձ սարերում գտնվող այս մեկուկես հեկտարանոց տարածքը, որը նախկինում ամայի էր: Նախկին ամայի տարածքում թատրոնի դերասանը տնկում է մրգատու բազմաթիվ ծառեր: Խնամում է, ինչպես սեփական դերերը, որոնցից մի քանիսն այդպես էլ չկարողացավ խաղալ: Ժամանակ առ ժամանակ թատրոնի մարդը իր հետ այստեղ է բերում ընկերոջը՝ թատրոնի նկարչին, որն, իր բառերով, այգեգործությունից տխուր է: Դրամը, առօրյայի խնդիրներն այս այգում թեմա չեն: Դրամի մասին խոսելիս նրանց համար դժվար է իրենց տղամարդ զգալը: Դերասան ու նկարիչ այստեղ սկսում են թատրոնում կիսատ թողածը՝ իրենք իրենց գովում են ու խմում։ Բնությունն այս մարդկանց դարձրել է ինքնաբավ, թվում է, թե իրենք պետությունից ոչ մի պահանջ չունեն. «Պետությու՞ն: Մենք պետություն չունենք, ցավդ տանեմ: Մենք ունենք հողատարածք, ունենք իշխանություններ, բայց պետություն չունենք)» Այս այգում իշխանություն ունի ամեն ծառ ու թուփ, ամեն ծաղիկ ու քար: Սեյրան Մկրտչյանը դա բացատրում է այսպես՝ սեփական երեխայիդ վրա իշխանությունն ավարտվում է նրա ծննդյան պահից։ Այս այգին քաղաքի մեջ է, որտեղ դժվար է ասել, թե որ հատվածում անտառ չկա: Այստեղ սիրահարվելիս հեշտ է առանձնանալը: Այստեղ ծաղիկները ծաղկում են լավագույն գույներով: Գորիսում ոչ մի գույն գունատ չէ: