Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդկային զարգացման սանդղակում ՀՀ-ն 84-րդ տեղում է (տեսանյութ)

Քաղաքականություն
mak

Մարդկային զարգացման սանդղակում Հայաստանը 188 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը: Մեր երկրի ՄԶՀ-ի արժեքը 0,743 է, այս մասին ասվում է 2016 թվականին «Մարդկային զարգացում բոլորի համար» զեկույցում: Անցած տարվա համեմատ Հայաստանը առաջընթաց է գրանցել 1 հորիզոնականով: Ըստ զեկույցի՝ Հայաստանի ՄԶՀ արժեքը ցածր է մարդկային զարգացման բարձր համաթիվ ունեցողների երկրների միջին 0.756 ցուցանիշից: Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը համապատասխանաբար 69,70, 71 և 78-րդ տեղում են, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը 49-րդն է: 1990-2015 թվականների միջև ՄԶՀ արժեքն աճել է 17.2 տոկոսով, կյանքի սպասվող տևողությունն ավելացել 7 տարով, իսկ կրթության ակնկալվող տևողությունը՝ 2 տարով: ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ներկայացնելով զեկույցը նշեց, որ 2030թ.-ի օրակարգում Կայուն զարգացման նպատակներն են, որ ոչ ոք անտեսված չմնա. « Չնայած ընդհանուր առմամբ մեծ առաջընթացին, ողջ աշխարհում դեռևս 200 միլիոն մարդ գործազուրկ է, որոնցից 73 միլիոնը՝ երիտասարդներ: 2015 թ. հակամարտությունների պատճառով 65 միլիոն մարդ ստիպված է լքել իր տունը, ցուցանիշ, որը երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաբարձրն է»,- նշեց նա: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի կարծիքով այս զեկույցը հնարավորություն է տալիս եւս մեկ անգամ տեսնել, թե ինչպես է զարգացել Հայաստանը եւ որոնք են մեր ուժեղ եւ թույլ կողմերը. «Հայաստանը գտնվում է երկրորդ բարձր զարգացման համաթիվ ունեցող երկրների թվում, ունի որոշակի զարգացման միտում, սակայն երբ նայում ենք տարածաշրջանը ու համեմատում, ակնհայտ է , որ մենք ունենք մեծ աշխատանք դեռեւս կատարելու»,- նշեց նա: