Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն ուզում է խնդիրները լուծել մեր հաշվին. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vahag

Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումները 9 միլիարդ դրամով պակաս են եղել. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։ «Մենք ունենք կապիտալի արտահոսք, և զարմանալին այն է, որ դա Ռուսաստանի Դաշնության հետ է կապված»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։  Ապրիլին ներդրումների ծավալը կազմել է 109 միլիարդ դրամ՝ 5 միլիարդով ավելի, քան մեկ տարի առաջ. «Այս աճը ընտրությունների հետ եմ կապում։ Մասնավոր տրանսֆերներ են եղել ընտրարշավ կազմակերպելու համար», - ասում է տնտեսագետը։  Տնտեսագետի պնդմամբ՝ այս տարի 6.5%-ով աճել է ՀՆԱ-ն։ Պաշտոնական մեկնաբանություններով՝ այս թիվն ապահովվել է նաև հարկահավաքության միջոցով։ Արդյո՞ք տնտեսությունում եղած ստվերն է կրճատվել։ Վահագն Խաչատրյանը մեկնաբանում է. «Ոչ թե ստվերն է կրճատվել, այլ հարկ վճարողներից գերավճարներ են կատարվել»։  Տնտեսագետը դրական սպասումներ չունի տնտեսական զարգացման առումով. «Քանի դեռ վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական ոլորտին զուգահեռ չի վերանայել նաև քաղաքական համակարգը, լավատես լինելու հիմք չկա»։  Նրա գնահատմամբ՝ տնտեսական ծանր տարի է սպասվում, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնությունում առկա խնդիրների հետ. «Հիմա նրանք ուզում են խնդիրները լուծել և դա անելու են մեր հաշվին», -ասում է Վահագն Խաչատրյանը։  Նրա պնդմամբ՝ այս տարվա համար նախատեսվող տնտեսական 2-3-4% աճը բավարար չէ Հայաստանում առկա խնդիրները լուծելու նպատակին հասնելու համար. «Մեզ պետք է առնվազն 7% տնտեսական աճ»։  Տնտեսագետի կարծիքով՝ այս տարի ևս սպասվում է գնաճ, չնայած նրան, որ ըստ կանխատեսումների, պետք է ապրանքների գները չբարձրանային։