Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ի մերժումները՝ Իրավունքի Եվրոպային (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kyh-nkar

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր մեկը մյուսի հետևից մերժեց Երևանի ավագանու ընտրությունները անցկացրած Տեղամասային բոլոր՝ առաջինից տասներորդ հանձնաժողովների որոշումների իրավաչափությունը վիճարկող դիմումները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն «Ա1+»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց իրենց որոշումները. «Հանձնաժողովները բոլորն էլ մանրամասն քննարկել են այդ դիմումները, հրավիրել են հանձնաժողովի անդամներին, մանրակրկիտ ուսումնասիրել են բոլոր հանգամանքները, եթե եղել է անհրաժեշտություն, ձեռնարկել են միջոցներ»։ Իսկ Իրավունքի Եվրոպա միավորումը համարում է՝ տեղամասային հանձնաժողովները բավարար կերպով չեն արձագանքել և չեն ուսումնասիրել կազմակերպության դիտորդների ներկայացրած խախտումների մասին փաստերը։ Տիգրան Եգորյանը մի քանի փաստ ներկայացրեց ընտրատեղամասերում դիտորդների գրանցած խախտումներից՝ պնդելով՝ դրանք բավարար կերպով չեն վերացվել՝ կասկածի տակ դնելով ընտրության արդարացիությունը. «Հատուկ ուշադրության է արժանի հանձնաժողովների նախագահների իրենց պարտականությունները դժկամորեն կատարելու հանգամանքը, որը մեծ ճիգեր է պահանջում դիտորդներից»։ Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ բողոքները ներկայացնելու ժամանակ ընտրությունների արդյունքներն արդեն իսկ ամփոփված են եղել, ինչը նշանակում է, որ դիմող կողմը նման պահանջներ պետք է չունենար։  «Միասնական ձևանմուշով մշակված ինչ-որ դիմումներ են, որոնք վերաբերվում են առանձին ինչ-որ հանգամանքների, բարձրաձայնվում են այդ փաստական հանգամանքները, որոնք շատ մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է կոչել ընտրախախտում»,- ասում է Տիգրան Մուկուչյանը։ Երևանի ավագանու ընտրություններին դիտորդություն արած «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը ներկայացրեց իրենց դիտորդների կողմից արձանագրված ընտրախախտումների դեպքեր։ Տիգրան Մուկուչյանի պնդմամբ՝ դրանք էականորեն չեն ազդել ընտրությունների վերջնարդյունքի վրա. «Մենք խոսում ենք առանձին, ինչ-որ խնդիրների մասին և դրանք բովանդակային առումով նույնիսկ գումարային առումով ազդեցություն ունենալ անգամ մեկ ընտրատեղամասում քվերակության արդյունքի հետ կապված»։ Հիշեցնենք, մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում 46 մանդատ է ստացել ՀՀԿ-ն, 14-ը՝ Ելք դաշինքը, 5 մանդատ էլ բաժին է հասել Երկիր Ծիրանի կուսակցությանը։