Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գինու և ջազի սիրահարները՝ մեկ տեղում

Մշակույթ
jaz

Երեք օր շարունակ ջազի և գինու սիրահարները հնարավորություն ունեցան վայելել սիրելի խմիչքն ու երաժշտությունը մեկ տեղում. «ԱրմԱս» գինեգործական ընկերության խաղողի այգիներում հունիսի 2-4-ը անցկացրեց «Wine & Jazz» գինու եւ ջազի փառատոն: Գինու գործարանի տնօրինությունը, որն ակտիվ մասնակցում է հայաստանյան մշակութային կյանքին, այս անգամ որոշել էր նպաստել ջազ երաժշտության և զբոսաշրջության զարգացմանը: «Գինին յուրաքանչյուր լավ բանի հետ արտակարգ համադրություն է, իսկ ջազի հետ միշտ է եղել հիանալի: Ինքս անձամբ երկուսն էլ շատ եմ սիրում», - խոստովանեց «ԱրմԱս» գինեգործական ընկերության գործադիր տնօրեն Վիկտորիա Արսլանյանը: Փառատոնային երեք օրերին հանդիսատեսին հնարավորություն տրվեց վայելել մեծ ճանաչում ունեցող երաժիշտների կատարումները` «Գողթ» բենդ, Արտյոմ Մանուկյան, Չիկոյի նոր տրիո, Աննա Կոստանյան, Վահագն Հայրապետյան, Հայաստանի պետական ջազ–նվագախմբի ղեկավար Արմեն Հյուսնունց, «Time Report» էթնո-ջազ-քվինթետ, հանրաճանաչ ու սիրված ջազմեններ Մարտին Վարդազարյան, Երվանդ Երզնկյանը, Լեւոն Մալխասյան, Արմեն Թութունջյան եւ հատուկ հյուր Արթուր Իսպիրյան: Երաժշտական ընդմիջումներին էլ կազմակերպվեցին շրջայցեր գինու գործարան, ներկայացվեց գինեգործության պատմությունը, հայկական գինու մշակույթը: «Այն ամենը, ինչ ժառանգել ենք, պետք է բարձրորակ ձևով ներկայացնենք աշխարհին, տարածենք, քանի որ շատերը չգիտեն, հազարավոր հյուրեր ենք այստեղ ընդունում տարբեր երկրներից, նրանք ոգևորվում են, հետաքրքրվում. հայկական գինիների պահանջարկը ստեղծում ենք հենց մեր հողում, և այսկերպ տուրիզմն արտակարգ ձևով է զարգանում», - նշեց Վիկտորյա Ասլանյանը: Փառատոնը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում: Վիկտորյա Ասլանյանը վստահ է՝ հայկական գինուն միջազգային ճանաչում տալու գործընթացը պետք է շարունակել էլ ավելի մեծ ոգևորությամբ.«Հայաստանը մեծ ներուժ ունի և մենք պետք է օգտագործենք այն: Այժմ հայկական գինեգործության վերածնունդն է. ունենք գինեգործության հիանալի պատմություն, ժամանակակից արտադրանք, որակ, որ կարող ենք հպարտորեն մատուցել միջազգային շուկայում»: Վիկտորյա Ասլանյանն էլ խոստանում է՝ լավ եղանակ լինի, հաճախ են այսպիսի առիթներ ստեղծվելու, տուրիզմն ու մշակույթը հաճախ են շաղկապվելու: 3 2 1