Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կապանում մայրանալը շատ վտանգավոր է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kapan

Խուստուփի ստորոտից սկիզբ առնող Կապանի Վաչագան գետում ձուկ որսացող մարդը երբեք նույնը չի անի քաղաքի մայր գետում՝ Ողջիում. «Սաղ մեջը կանցետրատ ա։ Ճառագայթ ա, բան ա»: Վերջին տարիներին Սյունիքի բնակիչների վրա Զանգեզուրում պղնձամոլիբդենային կոմբինատի հետեւանքների ուսումնասիրության մասին ոչինչ հայտնի չէ։ Փորձը տապալվել է: Մինչդեռ մարդկանց բողոքները՝ ոչ: Կոմբինատը շարունակում է աշխատել առանց մարդկանց առողջության վրա հետեւանքները պարզելու։ «Օրենքը՝ հանուն իրավունքի գերակայության» հ/կ ներկայացուցիչ Հրայր Խաչատրյանը  չի կասկածում՝ ուսումնասիրությունների կարիք կա: Կապանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Արարատ Հարությունյանը միջավայրի աղտոտվածության պատճառով, դիցուք, մանկական խնդիրների մասին ոչ մի տեղեկություն չունի. «Էդ հանքերի թեման իհարկե շահարկման թեմա է դարձել: Հանքերը միշտ եղել են Կապանում, հանքերը միշտ եղել է Քաջարանում, հանքերը միշտ էլ եղել է Մեղրիում»: Կոնկրետ մանկական ուռուցքային հիվանդությունները շատացել են ամբողջ աշխարհում: Մանկաբույժը դա հանքերի հետ չի կապի: Բայց չի ասի նաեւ, որ հանքերը շրջակա միջավայրի վրա լավ են անդրադառնում. «Էնպիսի հանճարեղ երեխաներ Կապանում, Քաջարանում, Մեղրիում կարող ենք տեսնել, էդ էլ չենք ասի, որ դա ռադիոակտիվ ինչ-որ ազդեցությամբ ա»: Բնապահպան Դավիթ Հակոբյանը բժշկի հեգնանքը տեղին չի համարում: Հանքեր էլի են շահագործվելու, եւ հետեւանքները հաստատ զգացվելու են: Իսկ վիճակագրությունը ինքն է խոսում առանց մանկաբույժի. «Ես ծանոթացա մի վիճակագրության վերջերս, որ Հայաստանը քաղցկեղ ունեցող երկրորդն է աշխարհում: Հանքարդյունաբերության երեւի ամենավատ բացասական հետեւանքը հենց դա է»: Կապանը շրջապատված է պոչամբարներով, որոնց շուրջ ծաղկող բնությունը սնվում է ծանր մետաղներով եւ այլ վնասակար նյութերով. «Էնտեղ անասուններ են պահում, արածեցնում, չի կարող, էսպես շրջապտույտ են կատարվում»: Ապագա մայր Էլյա Արզումանյանը ասում է, որ Կապանում մայրանալը շատ վտանգավոր է, էկոլոգիան կեղտոտ է. «Թե ջուրը, թե օդը, սնունդը նույնիսկ: Բայց ուրիշ տարբերակ չկա: Կամ պետք է Կապանի բնակիչներին տեղափոխեն մեկ այլ տեղ, որտեղ էկոլոգիան մաքուր լինի, կամ պետք է հանքարդյունաբերությունը փակեն, որը հնարավոր չէ»: Մայրացող կինը նույնպես չի կիսում բժշկի հեգնանքը: Սակայն ներողամիտ է, բոլոր մարդիկ են անկատար: Եվ դա կվկայեն Կապանի տարբեր փողոցների մայթերին կանգնած «Եհովայի վկաների» քարոզիչները, որոնք Կապանի հանքարդյունաբերության հետեւանքները համարում են իրենց ոչ սազական թեմա: