Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանոցում էլ բժիշկուհի ու բուժքույր չի մնացել, որ չնկարեմ. վիրաբույժ

Հասարակություն
2-3

Նկարիչների միության ցուցասրահներից մեկն այսօր զարդարել էին բժիշկները: Ստեղծագործությունները, սակայն, մասնագիտական չէին: Ցուցահանդեսի կտավների ու քանդակների հեղինակները Հայաստանում հայտնի ու ճանաչում ունեցող բժիշկներ են: Ցուցահանդեսի կազմակերպիչ Գագիկ Շահվերդյանը ԵՊԲՀ դասախոս է:  Ինքն անձամբ չի ստեղծագործում, բայց արվեստի նկատմամբ մեծ սերը նրան ստիպել է հավաքել իր գործընկերների աշխատանքներն ու մեկտեղել՝ արվեստի սիրահարների համար: «Ես ոչ դաշնակ եմ , ոչ էլ դաշնակահար, բայց ունեմ երկու  թուլություն՝ Սիմոն Զավարյան եւ Կոմիտաս: Ես միշտ ուզում եմ, որ արվեստը բոլորի մեջ լինի, այսօր երիտասարդները ունեն դրա կարիքը»,- ասում է նա: 5 «Նկարում են բժիշկները» ցուցահանդեսի մի անկյունում հայր եւ որդի Ճաղարյանների ստեղծագործություններն են:  Հայտնի վիրաբույժ Լեւոն Ճաղարյանը աչքի լույսի պես է պահում ոչ միայն հոր գրառումները բժշկական ոլորտում բացահայտումների մասին, այլեւ նրա սիրողական ստեղծագործությունները, նկարներն ու քանդակները: Լեւոն Ճաղարյանը համոզված է՝ իր բոլոր տաղանդները հորից գենետիկորեն են անցել իրեն. «Առաջին նկարս եղել է տատիս նկարը, ուսանող ժամանակ եմ նկարել, հայրս տեսավ ու ասաց՝ շարունակի, մի բան կստացվի ու դրանից հետո սկսեցի նկարել: Մեր հիվանդանոցում էլ բժիշկուհի ու բուժքույր չի մնացել, որ չնկարեմ, հետո իրենց երեխեքին ու թոռներին, վերջում էլ անցա մեր դերասան, երգիչներին»,- ժպիտով պատմում է բժիշկը: 3 Բժշկությո՞ւն, թե՞  նկարչություն հարցին Լեւոն Ճաղարյանը  առանց վարանելու պատասխանում է. «Դե խիրուրգիայի գիժ եմ ես, երրորդ կուրսից հիվանդանոցներից դուրս չեմ գալիս, բայց անընդհատ նկարում եմ, դա էլ է ինձ պետք: Հերթապահությունների ժամանակ, գիշերները, մեր երիտասարները ասում էին,գնացեք, քնեք, հանգստացեք, մինչեւ դեպք կլինի, կասենք, ես մի երկու ժամ էլ նստում նկարում էի, ինձ համար, ես դրանից հաճույք եմ ստանում, հանգստանում եմ»: Վիրաբույժ Վիկտոր Բաբասյանը նկարչությամբ տարված է եղել երիտասարդ տարիներից: Վերջին անգամ 35 տարեկանում է նկարել, այդ տարիների աշխատանքներն էլ ներկայացրել է այսօր ցուցահանդեսին: Բայց խոստովանում է՝ շատ է կարոտել վրձինն ու կտավը. «Հեսա որ թոշակի անցնեմ, էլ չաշխատեմ,  էլի նկարելու եմ»: 6 Վիկտոր Բաբասյանը  համոզված է՝ ցանկացած լավ բժիշկ իր մեջ նաեւ պետք է արվեստի մի կտոր ունենա: Հատկապես վիրաբուժությունը, մի յուրահատուկ արվեստի զգացողություն է պահանջում. «Բժիշկների մեծ մասը սիրահարներ են մարդու, բնության: Մարդ պիտի երազկոտ լինի, իսկ նկարելը,  բանաստեղծություն գրելը ու նաեւ բժշկությունը դրա հետ են կապված: Մարդու հետ խոսելը, նրան բացատրելը, ընկալելը, նրա ցավը, հոգսը կիսելը նույնպես արվեստ է»: 3-օրյա ցուցահանդեսը նվիրված էր  բժիշկ-գեղանկարիչ, բժշկական ինստիտուտի նախկին ռեկտոր Արամ Շահվերդյանին: 4 1