Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի մարզիչները կդառնան նաեւ հոգեբաններ (տեսանյութ)

Սպորտ
sport-hogeban

Հայկական հոգեբանների ակադեմիան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ու Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ միասին այսօր «Անի Պլազա» հյուրանոցում կազմակերպեց «Սպորտի արդի հիմնախնդիրները» գիտագործնական սեմինար պարապմունք, որն ուղղված էր մարզիչների հոգեբանական ասպեկտների կատարելագործմանը: «Ներկայումս Հայաստանում բավականաչափ ակտուալ է սպորտային հոգեբանության հարցը: Քանի որ մեր մարզիչները չեն պատկերացնում հոգեբանի ներկայությունն իրենց աշխատանքում, ուստի որոշեցինք հենց մասնագետներին վերապատրաստել որպես հոգեբան», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Հայաստանի հոգեբանների ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը: Սեմինարին մասնակցում էին տարբեր մարզաձեւերի մարզիչներ, սպորտային հոգեբաններ եւ սպորտային մենեջերներ: Ըստ ակադեմիայի տնօրենի, հենց նրանք են անմիջականորեն շփվում մարզիկների հետ: «Արտասահմանյան երկրներում մարզիկներին ոչ միայն մրցումներից առաջ են պատրաստում հոգեբանորեն, այլեւ դրանցից հետո են տանում նմանատիպ աշխատանքներ՝ նրանց հանգստացնելու ու ռելակսացիայի համար: Դա հարկավոր է մարզիկին նոր գործողությունների ուղղորդելու համար», - եզրափակեց Բարեղամ Մնացականյանը: