Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բացառիկ ձեռագրեր՝ Մատենադարանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed-17-4

Այս ձեռագիրը Լեհաստանի հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է:  1367թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Հետագա դարերում հայերի ու լեհերի ճանապարհներն իրար են կապվում ամուր թելերով։ «Դիվանագիտության բնագավառում հայերը լավագույնն էին, շնորհիվ իրենց արևելյան լեզուների իմացության, հատկապես թուրքերենի, օրինակ՝ 17-րդ դարում լեհ թուրքական պատերազմների ընթացքում լեզվի իմացության և դիվանագիտության շնորհիվ կարևոր տեղեկություններ էին հաղորդում լեհական բանակի զորքի համար և դրանով մեծամասամբ ապահովելով Լեհաստանի հաղթանակը»,- ասում է Լեհահայ համայնքի պատմությամբ զբաղվող պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան։ Նա Լեհաստանում հայ համայնքի պատմության ուսումնասիրմամբ զբաղվել է դեռ ուսանողական տարիներից։ Պրոֆեսորը Հայաստանում է՝ մասնակցելու Մատենադարանում լեհահայ գրչությանն առնչվող ձեռագրերի ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվելու։ Նրա խոսքով՝ Լեհաստանում հայ համայնքը չի կորցրել պատմական նշանակությունը։ «Ներկայումս Լեհաստանում գոյություն ունի հայկական երկու համայնք՝ մեկը պատմական համայնքն է, մյուսի ձևավորումը սկսվել է նախորդ դարի 90-ականներից։ Հայերի գալստյան երկրորդ ալիքից հետո հին համայնքը կրկին վերագտավ իրեն և նորից ուժեղացավ հայկական գործոնը Լեհաստանում»։ Մատենադարանում կա Լեհաստանի հայերին վերաբերվող մոտ 130 ձեռագիր։ 14-ից 18-րդ դարերն ընդգրկող ձեռագրերը՝ կրոնական, փիլիսոփայական, գրական թեմաներով են։ Այս տարի լեհահայ համայնքի 650-ամյակն է, ինչին էլ նվիրված է ցուցահանդեսը։ «Երբևիցե ոչ Հայաստանում, ոչ առավել ևս Մատենադարանում նման ցուցահանդես չէր կազմակերպվել։ Ցուցադրում ենք մեր հավաքածուներում պահվող այն ողջ հարստությունը, որը վերաբերում է լեհհահայ գրչությանը», ֊ասում է Մատենադարանի գիտաշխատող Փիրուզ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ այս ձեռագրերի գոյությունը  շատ կարևոր բաների մասին է խոսում։ «Լեհահայ համայնք է աշխարհին տվել հայատառ ղփչախերեն  և հայատառ լեհերեն արձանագրությունների մի ամբողջ հարստություն, առանց որի որևիցե չփչախագետ չի կարող պատկերացնել իր մասնագիտությունն ամբողջությամբ»։ Իսկ Քշիշտոֆ Ստոպկային Մատենադարանում անակնկալ էր սպասվում։ Մատենադարանի հետ արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի՝ «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար պրոֆեսորին շնորհվեց  Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ: