Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկեր՝ կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար

Տնտեսություն
gyux1

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող  վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի նախագիծը:  Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Գեղամ Նավոյանը, կաթիլային համակարգերի ներդրմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ֆերմերներ և այլ անձինք:  Ներկայացնելով  ծրագրի հիմնական դրույթները՝  Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ծրագրով ակնկալվում են  ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բերքատվության աճ, բերքի որակի բարելավում, հանրապետության ջրային, էներգետիկ և հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում, մշակովի հողատարածքների ընդլայնում` պոտենցիալ ոռոգելի, սակայն փաստացի չմշակվող տարածքների մշակման խթանում:  «Նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման գործընթացում` նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով բարձրացնել վարկավորման մատչելիության մակարդակը»,- նշել է Իգնատի Առաքելյանը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է նաև, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը  հետևելու է պետական ծրագրերի իրականացման ընթացքին   և գյուղացիական տնտեսություններին մատուցելու է  անհրաժեշտ խորհրդատվություն:  Մտքերի փոխանակման ընթացքում, ծրագրի արդյունավետությունն ապահովելու նպատակով,  որոշվել է  հնչած   խնդիրների վերաբերյալ   7-օրյա ժամկետում նախարարություն ներկայացնել համապատասխան առաջարկներ:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին