Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընդունվեց «ԱԺ կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը

Քաղաքականություն
unnamed5-8

Արցախի Հանրապետութան 6-րդ գումարման Ազգային ժողովը մայիսի 31-ին գումարել է հերթական լիագումար նիստը: Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է այս ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներում կատարված օրենսդրական աշխատանքը, մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» և «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի շուրջ ծավալված քննարկումների արդյունքները: ԱԺ նախագահը նաև նշել է, որ այսօր շրջանառության մեջ է դրվել Աշխատակարգը՝ որպես Աժ որոշման նախագիծ և հավելել, որ շուտով կմեկնարկեն նախագծի շուրջ քննարկումները: Օրենսդրական հարցերի շարքից խորհրդարանը նախ քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ-ի ծրագրի կատարման 2016թ-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանը: Օրենքի ընդունումը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2016թ-ի օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների և լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների ընթացքը՝ հնարավորություն տալով նաև հանրությանը իրազեկված լինել մասնավորեցման գործընթացի մասին: Ներկայացնելով օրինագծի վերաբերյալ հարակից զեկույցը՝ Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը նշել է, որ օրինագծի շուրջ իրենց կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանում արտացոլված են օրենքով ամրագրված հիմնական պահանջները: Օրինագծի մասին հարակից զեկույց է ներկայացրել նաև ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը, ում խոսքով հանձնաժողովը դրական եզրակացությամբ լիազորել է նախագիծը ներկայացնել լիագումար նիստին: Խորհրդարանը քննարկել և ընդունել է ներկայացված օրենքը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը առաջին ընթերցմամբ պատգամավորներին է ներկայացրել «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Նրա խոսքով նախագծի մշակումը պայմանավորված է առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածի պահանջի ապահովման անհրաժեշտությամբ: Պատգամավորները զեկուցողին են առաջադրել նախագծով առաջարկվող որոշ դրույթների վերաբերյալ հարցեր, որից հետո օրենքը միաձայն ընդունվել է դահլիճում ներկա 30 պատգամավորների կողմից: Խորհրդարանի քննարկմանն առաջարկված մյուս օրենսդրական նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենք է: Այն երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին է ներկայացրել նախագծի համահեղինակ Հովիկ Ջիվանյանը: Պետաիրավական հանձնաժողովի նախագահը խմբավորել է առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ խմբակցությունների ու պատգամավորների առաջարկները և ամփոփաթերթիկի տեսքով հակիրճ ներկայացրել օրինագծի հեղինակների դիրքորոշումն այդ առաջարկների հանդեպ և պատասխանել պատգամավորների հարցերին: Այնուհետև, համաձայն ԱԺ կանոնակարգի, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում առաջարկվող նախագծի վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Արսեն Առստամյանը, Էդուարդ Աղաբեկյանը, Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը, Արթուր Թովմասյանը և Աշոտ Ղուլյանը: 27 կողմ, 3 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը: Նիստի վերջում հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Հայկ Խանումյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը և Վարդգես Բաղրյանը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայություն