Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուզում եմ իմ պապային ու բոլոր տղաներին ազատ արձակեն». Սարիթաղցիների ակցիան (տեսանյութ)

Հասարակություն
sari-tax-nkar

Գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող 10 սարիթաղցիների հարազատները չեն դադարեցնում պայքարը նրանց ազատության համար։ Այս անգամ խնդրանքների հասցեատերը կառավարությունն է։ «Կարեն Կարապետյանը, որպես երկրի երկրորդ դեմք միջնորդություն անի՝ ազատ արձակեն տղաներին։ Նրանք մեկ տարի է անազատության մեջ են, իսկ մենք չենք կարողանում առանց նրանց ապրել»,- ասում է Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։ Անցած ամառ ՊՊԾ գնդի գրավումից հետո Սարի թաղն ամբողջովին շրջափակվել էր։ Սարիթաղցիները զրկվել էին տրանսպորտից, կոմունալ պայմաններից։ Նարինե Ղազարյանը պատմում է. «Տղաները իջել էին, որ գոնե ճանապարհը բացեն, մեր ծնողները՝ տատիկ-պապիկներ, կարողանան օգտվել դրանից»։ Տան տղամարդկանց կալանավորումից հետո սարիթաղցի ընտանիքները հայտնվել են ոչ միայն ծանր սոցիալական, այլ նաև հոգեբանական դժբարին վիճակում ։ Երեխաներն ամեն առավոտ իրենց հայրիկներին են հիշում.  «Ես երեկ գնացի եկեղեցի, իմ պապայի ու բոլոր տղամարդկանց համար աղոթեցի։ Ուզում եմ իմ պապային ու բոլոր տղաներին ազատ արձակեն»,- ասում է երեխաներից մեկը։ Ոստիկանության հետ բախումներից հետո 10 հոգի հայտնվել է ճաղերից այն կողմ։ Կալանավորվածներից Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը պնդում է՝ դատական նիստերն արդեն իսկ ցույց են տալիս, որ տղաները մեղավոր չեն եղել։  «Դատարանում եկել ես ցուցմունք ես տալիս, ոստիկան կոչված, ոչ մեկ քո կողմ քար չի նետել, դու ոչ մեկի նկատմամբ պահանջ չունես, բայց արի ու տես՝ տղաները 11 ամիս անազատության մեջ են»։ Քրեական որևէ արարք չկատարած քաղաքացիներին անազատության մեջ պահելով, ըստ Լալա Բեռնեցյանի, իշխանությունը կոնկրետ նպատակ է հետապնդում։ «Իշխանությունը ուզում է ապացուցել, որ  տեսեք՝ դուք հելնեք, հանդգնեք ձեր իրավունքները բարձրաձայնեք, և ուզենաք դրանք պահանջել, կգնաք 5-ից 10 տարի կկալանավորվեք։ Ավելի լավ է սուսուփուս վախի մթնոլորտում ապրես, քան դու քո իրավունքները բարձրաձայնես»։ Հարազատները վստահեցնում են՝ Սարիթաղցի 10 տղամարդիկ կալանավայրում վատթար պայմաններում են պահվում։ Լալա Բեռնեցյանն ասում է. «Արդարադատության փոխնախարը, որ ասում է ամեն ինչ նորմալ է, ես կխնդրեի 5 օր գնար բնակվեր այդ խցում։ Եթե  մի խցում 14 հոգի են, էդ մարդիկ ուտում են, խմում, իրենց շորերն են լվանում խոնավ պայմաններում, տուալետները զզվելի վիճակում, ի՞նչ է նշանակում լավ պայման»։ Կառավարությունից որևէ մեկն այդպես էլ նրանց չմոտեցավ։