Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնավորեցվող պետհիմնարկների ղեկավարները անորոշության մեջ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
misak-masnavorecum-nkar

Մասնավորեցման ենթակա պետական հիմնարկների տնօրենների մի մասը չի ողջունում կառավարության որոշումը։ «Հարավկովկասյան երկաթուղու» պոլիկլինիկայի տնօրեն Միսակ Նահապետյանը պնդում է՝ ինքը հայտնվել է անորոշության մեջ։    «Ես ոչ մի ինֆորմացիա չունեմ՝ ով է սեփականաշնորհելու, ով պետք է լինի տնօրեն, թե ով կգնի մեր պոլիկլինիկան, դժվար է ասել։ Որ ասեմ տեղյակ չեմ եղել մասնավորեցման ծրագրից, սուտ կլինի իհարկե, բայց որ ասեմ իմ կարծիքը հաշվի են առել... փաստը մնում է փաստ, որ փաստացի հաշվի չեն առել»։  Միսակ Նահապետյանը հնարավոր մասնավորեցման մասին իմացել է մեկ տարի առաջ։ Կառավարության առաջարկին կողմ չէ. անպատասխան հարցերն են շատ։ Չի պատկերացնում, թե պոլիկլինիկան ինչ ճակատագրի կարժանանա։   «Մշուշոտ է, շատ մշուշոտ է ապագան: Եթե հաշվեմ, որ ինչ-որ մի ֆինանսներ գա սեփականաշնորհի, ի՞նչ կդարձնի էգ պոլիկլինիկան՝ կթողնի, թե կվերացնի, էդ էլ չեմ կարող ասել։ Մարդ է իր բիզնեսն է հյուրանոց կսարքի՞, թե՞ կթողնի պոլիկլինիկա, չես կարող ասել»։ Կառավարությանն առաջարկել է այլընտրանքային տարբերակ՝ իր հիմնարկը միավորել Ուսանողական պոլիկլինիկայի հետ։ Անգամ նախագիծն էր կազմվել։ Եթե իր ծրագիրն ընդունվեր, միավորված հիմնարկները կվերածվեին գերժամանակակից բուժհիմնարկի։ «Դժվարանում եմ ասել ինչո՞ւ չհաստատվեց, օպտիմալացումից հետո մոտ 90 միլիոն դրամ տարեկան կարող ենք տնտեսել»։  Հարավկովկասյան երկաթուղու պոլիկլինիկան գործում է 1996 թվականին։ Ունի պետական կարգավիճակ, բայց բյուջեն գոյանում է Հարավկովկասյան երկաթուղու միջոցներից՝ ամսական 3- 4 միլիոն դրամ։ Պետությունն ընդամենը 400 000 դրամ պետպատվերի գումար է հատկացնում՝ 2000 բնակչության հաշվով։ Դժվարություններն էլ ինքնուրույն են հաղթահարում։   Մաշկաբանության և համաճարակաբանության բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը պնդեց՝ իրենց ժամանակ է պետք իրավիճակը լիարժեք հասկանալու համար։ Հարցազրույցի համար պատրաստ չէ։ Վաչագան Այվազյանը՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ղեկավարը, ևս չի լսել իր ղեկավարած հիմնարկի մասնավորեցման մասին. «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ, ոչ մեկի չեն հասցրել, ոչ մի տնօրենի չեն հասցրել»։  Պնդում է՝ միանշանակորեն չեն տվել իրենց համաձայնությունը. «Եթե մեր հիմնարկը մեկնումեկը  10 միլիոնով առնի և 10 միլիոն ներդնում անի, մենք մեծ հաճույքով կծառայենք այդ մարդուն, իսկ եթե գան 20 000-ով առնեն և ոչ մի ներդրում չանեն, իհարկե մենք դեմ ենք դրան»,- ասում է Վաչագան Այվազյանը։  Կառավարության ծրագրով երեք տարում կմասնավորեցվի  47 պետական հիմնարկ։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի վստահեցմամբ՝ դրանք մեծամասամբ պարապուրդի մատնված հիմնարկներ են։ Բայց այնուամենայնիվ, ամեն կառույցի պետք է անհատական մոտեցում ցուցաբերել։ Իսկ  հնարավոր գնորդները պետք է հետագա ներդրումների պարտավորություն ստանձնեն։ «Խոսքը վերաբերում է սոցիալական խնդիրներին, ինչի դեպքում առավել զգայուն պետք է լինի պետությունը։ Պետք է հաշվի առնենք մարդկային գործոնը, առանց դրա որևէ բիզնես ինքնանպատակ չի կարող շահույթ հետապնդել և հույս ունենք՝ կառավարությունը աչքաթող չի անի»։ Տնտեսագետը հիշեցնում է անկախությունից հետո  մասնավորեցման գործընթացը։ Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ՝ ոչ միանշանակ կառավարման արդյունքում ազգային հարստության կեսը օտարվեց կես միլիոն դոլարով։