Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյունավետ կգործի, եթե անկախ լինի. Սվիտալսկին՝ հակակոռուպցիոն մարմնի մասին

Քաղաքականություն
svitalski

Երևանում այսօր եզրափակում են Եվրոպայի օրերի միջոցառումները Հայաստանում: Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսը վերջին միջոցառումն է: Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մինչ  միջոցառման մեկնարկը, ԵՄ դեսպանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպե՞ս է նա վերաբերվում ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի՝ պետաիրավականի հետ միավորմանը. «Երկուշաբթի Բրյուսելում Հայաստանի հետ տեղի կունենա մարդու իրավունքների վերաբերյալ ևս մեկ երկխոսություն, մենք կքննարկենք  Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող տարբեր հարցեր: Մենք կօգտվենք այս երկխոսության հնարավորությունից, որպեսզի բարձրաձայնենք մեր մտահոգություններն այն ոլորտների վերաբերյալ, որտեղ լրացուցիչ առաջընթաց է անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է ԱԺ 2 հանձնաժողովների միավորմանը, ապա դա կոալիցիայի որոշումն էր։ Մենք կխրախուսենք, որպեսզի ԱԺ-ում մարդու իրավունքների հարցը միշտ բարձր պահեն: Միայն կարող եմ ասել, որ անցած շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այցի ժամանակ այս հարցը բարձրացվեց։ Հանձնաժողովի նախագահը մարդու իրավունքներին առնչվող որոշակի առաջարկներ արեց ԱԺ խոսնակին, փոխխոսնակին և խմբակցությունների ղեկավարներին»: Ըստ դեսպանի, այս կոչերը վերաբերում էին մարդու իրավունքների ոլորտներին. «Այսինքն, Եվրախորհրդարանի հանձնաժողովի այցի ժամանակ պարզ դարձան մի շարք առաջնահերթություններ, որոնք պետք է ներգրավվել ԱԺ օրակարգում: Մեզ համար կարեւորն այն օրենքների ընդունումն է, որոնց հանձնառությունը Կառավարությունն ինքնուրույն է ստանձնել»,- ասաց նա: Խոսելով Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշեց, որ  իրենք հավատում են, թե այդ մարմնի ստեղծումն արդեն իսկ դրական առաջընթաց է, և ինքն անձամբ խրախուսում է նման մարմնի ստեղծումը. «Իհարկե շատ կարեւոր է, որ  այդ մարմինն անկախ լինի և չկառավարվի որևէ մեկի կողմից: Այլ երկրների փորձառությունը  ցույց է տալիս, որ նման մարմինը կարող է արդյունավետ գործել, եթե անկախ է»։    Միջոցառմանը մասնակցող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողներին խոստացավ  հարցերին պատասխանել  շրջայցից հետո: Սակայն վերջում ասաց. «Ներողություն, վռազում եմ»,- և հեռացավ: