Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ր ճանապարհով կգնա Սերժ Սարգսյանը

Քաղաքականություն
serzh1

Հայաստանում շատերը չեն հավատում, որ 2018 թվականից հետո Կարեն Կարապետյանը որպես վարչապետ կշարունակվի պաշտոնավարել։ Ինչպես հայտնի է, հաջորդ տարի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5-րդ տարին է լրանում, և նա հեռանալու է Բաղրամյան 26-ից։ Ըստ զրույցների՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի աթոռին «սպառնացող» թիվ մեկ անձն է։ Փաստարկն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը մտադիր է ցմահ կառավարել երկիրը։ Շատերն անգամ նրան միջինասիական միապետերի հետ են համեմատում, որոնք ունեն կառավարման սկզբնաթիվ, բայց վերջն այդպես էլ չի երևում։ Սերժ Սարգսյանին Հայաստանի առաջնորդի դերում տեսնել չցանկացողները բերում են նրա օրոք տնտեսական վատթար վիճակը, շարունակվող արտագաղթը, քաղաքական մոնպոլիան... փաստարկները կարելի է երկար թվել։ Եվ չնայած սրան, Սերժ Սարգսյանն օրերս 6-րդ գումարման Ազգային ժողովում 1ժամ 17 րոպեանոց ելույթով ապացուցեց՝ 2018-ից հետո էլ ինքը պատրաստվում է առանցքային դեր ստանձնել Հայաստանի կառավարման համակարգում։ Հեռահար նպատակների մասին խոսելիս նա չէր մոռանում նաև իր մասին խոսել։ Օրինակ՝ «2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ»։ Պետք է հստակեցնել՝ «Հայաստանի կառավարման համակարգ» ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն պետական, այլ նաև կուսակցական դաշտը։ Գլխավոր հարցն է՝ իր կարևոր դերի իրացումը Սերժ Սարգսյանն ինչպես է պատկերացնում՝ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի նախագահի՞, թե՞ այլ պաշտոնի միջոցով։ Փորձենք հասկանալ՝ ի՞նչ հիմքեր են առկա պնդելու, որ Կարեն Կարապետյանը 2018-ից այլևս վարչապետ չի լինելու և պաշտոնը զիջելու է Սերժ Սարգսյանին։ Այսպես՝ ի՞նչ կստացվի, եթե ելնենք այս թեմայով Սերժ Սարգսյանի արած հայտարարություններից։ Այս մասով առանցքային է 2014-ի ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի խոսքը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին:  Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»:   Այստեղ Սերժ Սարգսյանն ակնարկում էր, որ ինքը Սահմանադրությունը չի փոխում իր համար։ Նրա խոսքի՝ վարչապետի պաշտոնին չհավակնելու մասը դրա ապացույցն էր։ Եվ անգամ այդ դիրքում չգտնվելը չի խանգարի ՀՀԿ ղեկավարին լինել Հայաստանի թիվ 1 դերակատարը։  Մեջբերված տեքստի վերջին տողը, վստահաբար, ուրվագծում է այն զարգացումը, որ Սերժ Սարգսյանը պատկերացնում է իր պաշտոնավարման ավարտից հետո։  Ինքը չի լինելու վարչապետի պաշտոնում, բայց քանի որ Հանրապետական կուսակցությունը ծանրակշիռ ու որոշիչ դերակատարություն է ունենալու Հայաստանում, ինքը չի կորցնի ունեցած իշխանական լծակները։ Հանրապետական կուսակցության նախագահ լինելն անգամ բավարար է այս կամ այն պաշտոններում գտնվող կուսակիցների քայլերը ղեկավարելու։ Իսկ հաշվի առնելով, որ առանցքային պաշտոններում այս պահին քաղաքական դեմքեր չեն, նրա դեմ ըմբոստացողներ չեն լինի։  Կա մեկ բայց ևս, որը պետք է հաշվի առնել։ Նույն օրը ՀՀԿ առաջնորդը մեկ այլ միտք էլ է բերում. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:  Այս տողերով Սերժ Սարգսյանն արդեն իսկ սահմանափակել է իրեն թիվ մեկ պաշտոնի հավակնելու հարցում։ Եթե Սերժ Սարգսյանը որոշի 2018-ից հետո զբաղեցնել Հայաստանի թիվ մեկ պետական պաշտոնը, ուրեմն նա կհակասի ինքն իրեն։ Եվ մեծ է հավանականությունը, որ սա կբարձրացնի հանրային դժգոհության մեծ ալիք, ինչը թերևս այս պահին «ՀՀԿ-ի հայր» Սերժ Սարգսյանի համար ամենաանցանկալի բանն է։ Իհարկե, շատերը կհիշեցնեն նախկինում Սերժ Սարգսյանի կողմից արված այլ հայտարարություններ ևս, որոնք իրականություն չեն դարձել։ Մասնավորապես՝ 2008-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո տնտեսական ոլորտի նախագծեր մնացին անկատար՝ նոր Ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի և այլն։ Սա շատերին հիմք կտա եզրակացնելու, որ Սերժ Սարգսյանը խնդիր չունի սեփական խոստումները չկատարելու, և այդպես կվարվի նաև իր քաղաքական ապագայի հարցում։ Բացառված չէ, որ նա հայտնվի Պաշտպանության նախարարի կամ Ազգային Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում։ Բայց «ՀՀԿ-ի հոր» պաշտոնն արդեն իսկ Սերժ Սարգսյանին մեծ առավելություններ է տալիս՝ դրածոների միջոցով կառավարել Հայաստանը՝ առանց պատասխանատվության։