Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հակոբյանը դեռ հարազատների ապահոված դեղերն է օգտագործում

Քաղաքականություն
aram-hakobyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը։ «Միայն համակարգչային տոմոգրաֆիա են արել, այլ փոփոխություն չկա, դեղերը կրկին հարազատներն են ապահովում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը։Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Արամ Հակոբյանը, պաշտպանի խոսքերով, դեռ օգտագործում է հարազատների բերած դեղորայքը, այն դեռ չի վերջացել։ Վերջանալուց հետո պարզ կլինի՝ տրամադրվո՞ւմ է դեղորայք, թե՝ ոչ: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանը առողջական խնդիրներ ուներ: Նրա խոսակցական ֆունկցիան վատացած է, դժվար է արտաբերում բառերը:  Նաեւ հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Ի դեպ, մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանում վիճարկվելու է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի, Գագիկ Եղիազարյանի, ինչպես նաեւ Վարդան Գերավետյանի՝  տեսակցությունների վրա դրված արգելանքի որոշումը։ Արդեն 10 ամիս է, ինչ «Սասնա Ծռեր»-ի գործով կալանավորվածները գտնվում են  նախնական կալանքի տակ: Ամբողջ այս ժամանակահատվածում նրանց տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները արգելված են նույնիսկ մերձավոր ազգականների հետ: Պաշտպան Դավիթ Գյուրջյանի խոսքերով՝  արդեն 8-րդ ամիսն է, ինչ վիճարկում են այդ արգելքը:  «Չնայած դատարանների կողմից՝ այս հրատապ հարցը ողջամիտ ժամկետներում քննելուց հրաժարվելու հանգամանքին եւ այս ակնհայտ պատժիչ գործողությունն արտոնելու միտումին՝ վիճարկումը շարունակելու ենք այնքան, մինչև արգելքը չհանեն»,- եզրափակեց Դավիթ Գյուրջյանը: