Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«15 իրանահայ գործարար կարճ ժամանակում սնանկացել ու հեռացել է Հայաստանից»

Տնտեսություն
iranaget-1

Իրանագետ Էմմա Բեգիջանյանն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իրանական, արաբական շուկաներին` որպես Եվրասիական շուկաներին այլընտրանք, նշեց, որ Իրանի հետ փոխհարաբերությունները շատ թույլ զարգացած են. «Իրանն իր հարեւան երկրների հետ բավականին զարգացած տնտեսական հարաբերություններ ունի։ Օրինակ` Թուրքիայում Իրանը 4 տարվա ընթացքում կատարել է 101 մլրդ դոլարի ներդրում, բացել 3035 ընկերություն։ Եթե այդքան ներդրումից մեկ միլիարդը լիներ ՀՀ-ում, ապա մեծ հնարավորություններ կունենայինք, աշխատատեղեր կբացվեին, փոխհարաբերությունները կընդլայնվեին։ Ես գիտեմ, որ 15 իրանահայ գործարարներ փորձել են այստեղ ներդրում անել, սակայն կարճ ժամանակ անց սնանկացել են ու հեռացել եւ այդ մասին պատմել նաեւ իրանցի մյուս գործընկերներին։ Ներդրումային միջավայրի բարելավման լուրջ խնդիր ունենք»: Ըստ իրանագետի` Իրանը կարող է ՀՀ-ի համար հետաքրքիր լինել հալալ սննդով, երբ ձեռք բերենք հալալի սերտիֆիկատ. «Ըստ Ղուրանի` կա հալալ եւ հարամ հասկացությունները։ Հալալը թույլատրելին է, հարամը` անթույլատրելի, մերժելի։ Հարամ են համարվում խոզի, շան միսը, գինին, հալալ` տավարի, ոչխարի միսը։ ՀՀ-ում հնարավոր է ստեղծել իրանական հալալ սննդի օբյեկտներ։ Այս դեպքում կարեւոր է, թե ինչպես են մորթել տավարին։ Մորթողը պետք է լինի անպայման մուսուլման, մորթելիս տավարի գլուխը պետք է ուղղված լինի դեպի Մեքքա, իսկ մորթողը պետք է ասի հանուն Աստծու կամ Ալլահ ակբար։ Մորթելիս միանգամից պետք է կտրվեն տավարի կերակրափողը, շնչափողը եւ երկու քներակները։ Եթե սրանցից անգամ մեկը չհասցնեն կտրել, ապա այդ միսը կհամարվի հարամ»: Տիկին Բեգիջանյանի համոզմամբ` Իրանի հետ համագործակցությունը պետք է լինի ներդրումների ու արտահանման ոլորտներում. «Արաբական աշխարհում շատ արդյունավետ կլինի մեր գյուղմթերքի արտահանումը, քանի որ արաբական աշխարհը ջրի խնդիր ունի։ Ի դեպ, Իրանում ամենից շատ վստահում եւ գնահատում են հայ գործարարներին»: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա իրանագետը նշեց, որ ՀՀ սահմանին բուկլետներ են բաժանվում, որտեղ նշված է, թե ինչպես պետք է իրենց պահեն ՀՀ-ում. «Այնտեղ, օրինակ, նշված է` եթե տեսնեք բաց հագնված աղջիկների, հարգալից կլինեք, քանի որ նրանք նորմալ ընտանիքի անդամներ են։ Ի դեպ, միֆ է այն, թե իրանցիները հիմնականում ՀՀ են գալիս, քանի որ այստեղ ավելի ազատ են իրենց զգում։ Դա լինում է հիմնական Նովրուզի ժամանակ, երբ միանգամից են գալիս, մնացած օրերին շարժ չկա։ Եթե ՀՀ գալիս է 500 իրանցի, ապա Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա` կրկնակի շատ։ Օրինակ` Վրաստան գնում են բարեկեցիկ​ ապրող իրանցիներ, որոնք ապրում են թանկարժեք հյուրանոցներում, մեզ մոտ միջին խավն է գալիս։ Նրանք Վրաստանն են նախընտրում, քանի որ այնտեղ ծառայությունները բարձր մակարդակի վրա են։ Իրանցիները ասում են` երբ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում է, ավելի սիրալիր են, քան մեզ մոտ։ Դա նրանց դուր է գալիս։ Իրանցիները անգամ արդեն տարբերակում են ՀՀ հայ եւ իրանցի հայեր։ Վերջիններիս ավելի շատ են հավանում»: